Հրանուշ Հակոբյանը եվրոպացիներից փող է խնդրել
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով կայացել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՝ Ն.Գ. Տրայան Հրիսթայի հետ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա են եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ ՍՆ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներ:
Սփյուռքի նախարարը ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ արդեն մեկնարկել է և դրա վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը: Թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը շեշտել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ և դիմել է ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով հարկադրաբար երկրից այլ պետություններ արտագաղթած Սիրիայի քաղաքացիներին հատկացվող հսկայածավալ գումարների շրջանակներում: Հաշվի առնելով Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում ապաստանած սիրիացիների աջակցության փորձը, որի շրջանակներում միլիոնավոր դոլարներ են հատկացվել նշված երկրներին:
Հրանուշ Հակոբյանը Տրայան Հրիսթային հանձնել է նաև տեղեկանք սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ աջակցության խնդրանքով գրություն: