Երեխայի քառասունք. ինչպես հաշվել և ինչ խորհուրդ ունի այն
Երեխայի ծնունդը հրաշք է, իսկ առաջին 40 օրը՝ այդ հրաշքին ընտելանալու ժամանակն է։ Հայկական ավանդույթում երեխայի ծննդին հաջորդող առաջին 40 օրերն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այս շրջանը կոչվում է քառասունք և կապված է ինչպես եկեղեցական ավանդության, այնպես էլ ժողովրդական պատկերացումների հետ։
Երեխայի քառասունքը հաշվում են ծննդյան օրվանից՝ այդ օրը համարելով առաջին օրը։ Քառասուներորդ օրը մոր ու երեխայի համար քահանան եկեղեցում հատուկ կարգ է կատարում՝ աղոթում է մոր ու մանկան համար, օրհնում նրանց։ Կարևոր է նշել, որ քառասունքի կարգը մկրտություն չէ։ Դրանք երկու տարբեր եկեղեցական արարողություններ են։
Երեխայի քառասունքը նշելը կապված է ավետարանական դրվագի հետ։ Ղուկաս ավետարիչը պատմում է, որ Ս․ Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսին ծննդյան քառասուներորդ օրը տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջը ներկայացնելու (Ղուկաս 2։22–38)։ Այս իրադարձության հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջը։
Եկեղեցում քառասունքի կարգի համար հատուկ պատրաստություն անհրաժեշտ չէ․ բավական է նախապես քահանայի հետ պայմանավորվել օրն ու ժամը և մորն ու երեխային տանել եկեղեցի։ Կարևոր է, որ մայրն ու արարողությանը մասնակցող բոլոր կանայք գլուխները ծածկեն գլխաշորով։
Երեխային մինչև եկեղեցի տանելը լողացնել կամ չլողացնել եկեղեցական կարգի համար նշանակություն չունեն։
Քառասունքի մասին խոսելիս հաճախ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում ենք երեխայի վրա, բայց շատ կարևոր է նաև մոր նկատմամբ հոգատարությունը։ Հայկական ընտանիքներում ավանդաբար առաջին 40 օրերին մայրը հիմնականում մնում է տանը, իսկ երեխայի հետ շփումը սահմանափակվում է առավել մտերիմ մարդկանցով։ Այս սովորույթն ունի գործնական նշանակություն․ ծննդաբերությունից հետո կնոջը ժամանակ է անհրաժեշտ՝ ֆիզիկապես վերականգնվելու, նոր կարգավիճակին հարմարվելու և մանկան հետ կապն ամրապնդելու համար, իսկ նորածնին պաշտպանում է ավելորդ շփումներից ու հնարավոր վարակներից։

