Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ և շնորհակալություն հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին, կարեկից եղել հայերի ցավին և ողբերգությանը, հետաքրքրվել մեր ժողովրդի խնդիրներով: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհնար է թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և ում հետ նույն շարքում իր չափազանց կարևոր աշխատանքով կանգնած է իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնը:
Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և Հայաստան այցի այս մի քանի օրերին հայ ժողովրդի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող սիրո և գնահատանքի համար: Նա նշել է, որ այդ ամենն իրեն ուժ է տալիս իր հետագա պայքարում: Իսրայելցի պատմաբանն ընդգծել է, թե կիսում է հայ ժողովրդի կրկնակի ցավը. առաջինը՝ ցեղասպանության ենթարկվելու, երկրորդը՝ այդ ահավոր ոճրագործության նկատմամբ ուրացման քաղաքականության համար, որի դեմ ինքը և առաջադեմ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ պայքարում են: Յաիր Աուրոնի համոզմամբ, հրեաներն առաջինը պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության մեջ այս հարցում վերջին տարիներին զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և հույս է հայտնել, որ դա կանդրադառնա նաև իրականացվող քաղաքականության վրա:
***
Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների և հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: