Կառավարությունը վթարային տարածքներ է նվիրո՞ւմ
Կառավարությունը մտադիր է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող 3 ընտանիքներին նվիրել իրենց կողմից զբաղեցված հանրակացարանային սենյակները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Առաջին հայացքից այս մարդասիրական քայլը, իրականում մի քիչ տարօրինակ է, քանի որ այս շենքը բավական խարխուլ վիճակում է, ու թեև դեռ պաշտոնապես վթարային չի ճանաչվել, բայց չի բացառվում, որ 1-2 տարի հետո կառավարությունն ստիպված լինի տարհանել շենքի բնակիչներին և նրանց նոր բնակարաններով ապահովել:
Հիշեցնենք, այս հանրակացարանը կառուցվել է 1965թ.-ին, որպես թիվ 24 Արհեստագործական ուսումնարանին կից հանրակացարան, այնուհետև հանձնվել է «Զիկատար» ընկերությանը, որից հետո՝ թիվ 1 կրթահամալիրին: Իսկ 1988-ից այստեղ կառավարությունը տեղավորել է նախ Ադրբեջանից փախստականներին, ապա’ երկրաշարժից տուժածներին:
Տարիների ընթացքում շենքը, սակայն, մաշվել է, կորցրել ամրությունը և բնակիչների խոսքով շենքից պարբերաբար քարեր են թափվում, պատշգամբները փլուզման վտանգ են ներկայացնում բնակիչների համար:
Շենքի վթարային լինելու մասին բնակիչները բազմիցս ահազանգել են տարբեր պետական ատյանների, այնտեղից մասնագետներ են եկել, ուսումնասիրություններ արել, բայց շենքին այդպես էլ պաշտոնապես վթարային կարգավիճակ չի տրվել: Բնակիչները մի քանի անգամ նույնիսկ կառավարության շենքի դիմաց են բողոքի ակցիա արել, բայց’ անօգուտ:
Եվ ահա, կառավարությունը ևս 3 ընտանիքի որոշել է սեփականաշնորհել իրենց խարխուլ բնակտարածքները:
Իսկ այն, որ դրանք իսկապես արժեք չունեն, թերևս հենց իրենց անմխիթար վիճակի պատճառով, հուշում է կառավարություան որոշման նախագծում նշված բնակարաններիի արժեքը. 1 քմ-ը կառավարույունը գնահատել է 7737 դրամ:
Այսպիսով, օրինակ 35 քմ-անոց բնակարանի արժեքը կազմում է 270 830 դրամ: Ի դեպ, նշենք, որ սա ամենամեծ բնակարանն է, ամենափոքրի մակերեսը 13.5 քմ է և այն արժե ընդամենը 104 460 դրամ: