Օլեգ Եսայան. Ես Ձեզ շատ եմ խնդրում՝ զանգահարեք մամուլի ծառայություն

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունն ու իրավունքները ոտնահարելու համար երկու օր է՝ Հայաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում: Բեռնատար «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանը, ում մեղադրանք է առաջադրվել հունիսի 13-ին Մոսկվայի շրջանի Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, դատարան էր բերման ենթարկվել կանացի ծաղկավոր խալաթով: Այս ընթացքում շատերի կողմից հարց էր հնչում` ինչո՞վ է ՌԴ-ում զբաղված ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ինչո՞ւ որևէ բան չի ձեռնարկում այս հարցում,  և ինչո՞ւ իր գնահատականը չի տալիս մարդու իրավունքների ոտնահարման այս ակնհայտ դեպքին:

168.am-ը փորձեց կապ հաստատել Օլեգ Եսայանի հետ: Վերջինս՝ լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, միանգամից արձագանքեց. «Ես Ձեզ շատ եմ խնդրում՝ զանգահարեք մամուլի ծառայություն: Նրանք են զբաղվում բոլոր հարցերով ու լիազորված են»:

Երբ ասացինք, որ մեր հարցն իրեն է ուղղված և ոչ թե լրատվական ծառայությանը, Օլեգ Եսայանն անջատեց հեռախոսը: Նրա հետ կապ հաստատելու մեր երկրորդ փորձի ժամանակ Օլեգ Եսայանի հեռախոսը պատասխանեց մի երիտասարդ, ով հորդորեց այլևս չզանգահարել այս համարին` «չանհանգստացնել դեսպանին»:

Երիտասարդը նշեց, որ իրենք բոլոր տեղեկություններն ուղարկում են ԱԳՆ և լրատվամիջոցները կարող են ինֆորմացիա ստանալ արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ Օլեգ Եսայանն անձամբ չի ուզում խոսել: Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց. «Չգիտե՞ք, որ պետք է մամուլի ծառայություն զանգել: Ինքն աշխատում է` հարմար չէ: Ոնց կարգն է` զանգեք մամուլի ծառայության միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031