Բաժիններ՝

200 միլիոն դրամ ՓՄՁ ԶԱԿ-ին՝ տարեկան 0.1% տոկոսադրույքով

Կառավարության հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում, որոով նախատեսվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով այս կառույցին 200 միլիոն դրամի վարկ տրամադրել՝ 1 տարի մար­ման ժամկետով և տարեկան 0.1 % տոկոսադրույ­քով:

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, սկսած 2004 և 2006 թվականներից ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացվում են, համապատասխանաբար, «Վարկերի դիմաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից երաշխավորությունների տրամադրման» և «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրերը: Նշված ծրագրերը իրականացվել են ՀՀ պետական բյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից (DFID և UNDP)  2004-2013 թթ. ընթացքում ներգրավված ֆինանսական միջոցներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում ձևավորված  801 մլն ՀՀ դրամ դրամագլխի հաշվին, որից տրամադրված երաշխավորությունների համար ավանդադրված միջոցները 2013 թ- ի հունվարի 1-ին կազմել են 468 մլն դրամ, իսկ ազատ միջոցները՝ 333 մլն դրամ:

2013 թվականի առաջին հինգ ամիսներին ՓՄՁ ԶԱԿ- ը շարունակել է սկսնակ գործարարների աջակցության ծրագրերը, ինչպես նաև վարկային երաշխավորությունների տրամադրումը գործող ձեռնարկություններին: Առանձին ծրագրով սկսնակ գործարարների ծրագիրը գործել է նաև սիրիահայերի համար: 31 սիրիահայ սկսնակ գործարարների տրամադրվել են և ներկայում տրամադրման պրոցեսում են ավելի քան 137 մլն դրամի երաշխավորություններ:

Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից տրամադրվել է մոտ 300 մլն դրամի երաշխավորություն:

Միասնական դրամագլխի միջոցների ազատ մնացորդը 2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է մոտ 51 մլն ՀՀ դրամ, ինչը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ներկայումս, «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրի իրականացման արդյունքում արդեն իսկ ստացվել է ֆինանսական աջակցության 105 հայտ (մոտ 300 մլն դրամ գումարի), թույլ չի տալիս ապահովել ծրագրի բնականոն ընթացքը և շարունակականությունը:

Ելնելով վերոգրյալից, նպատակահարմար է համարվել 2013 թվականի երրորդ եռամսյակում վերը նշված դրամագլխի համալրման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին մեկ տարի ժամկետով տրամադրել 200 մլն ՀՀ դրամ բյուջետային վարկ՝ հետագայում այն` Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության միջև կնքվելիք վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրվելիք միջոցներից նվազեցնելու պայմանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս