Էդուարդ Շարմազանով. Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել
«Ցավում եմ, որ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Բնականաբար, մեղավորը պետք պատժվի, բայց, անկախ նրանից, թե որտեղ և ինչպիսի դեպք է, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել»,- այսօրվա ասուլիսում, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեպքին, ում նախօրեին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, Մոսկվայում բերման էին ենթարկվել դատարան:
Հ.Հարությունյանին Ռուսաստանի Դաշնությունում մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա վարած բեռնատար մեքենան մխրճվել էր ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ, սակայն, մյուս կողմից էլ իրենք չեն ցանկանում «գույները շատ խտացնել, որովհետև երկու ծայրահեղություններն էլ վտանգավոր են»՝ թե դրանից մեծ աղմուկ բարձրացնելը և թե լռության մատնելը: «Մենք պետք է կարողանանք շատ սթափ մտածողություն ցուցաբերել և հանգիստ բոլոր այդ հարցերին մոտենալ», -ասաց նա՝ հավելելով, որ «պաշտոնական Երևանը՝ ՀՀ արտգործնախարարությունը, զբաղվում է Հ.Հարությունյանի հարցով, նույնիսկ փաստաբանի հետ են փորձել կապ հաստատել»:
Ըստ Է.Շարմազանովի՝ նաև Ռուսաստանի հայ համայնքն է հետաքրքրված և աշխատում է այդ ուղղությամբ: