Հայկ Ալումյան. Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրության բնօրինակը չունենք
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է: Այն հարցին, թե ինչ հիմքեր կան այդպես կարծելու, փաստաբանը պատասխանել է. «Հիմքերը լուրջ են և պնդում եմ, որ այդ տեսագրությունը մոնտաժված է, և եթե բնօրինակը դուք ինքներդ տեսնեք, ապա դրանում կհամոզվեք»: Նշենք, որ ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Tert.am»- ի հետ հարզացրույցում ընդգծել էր, որ «ո՛չ Ալումյանը, ո՛չ ես, ո՛չ քննիչը, ո՛չ էլ որևէ մեկը այս պահի դրությամբ չի կարող ասել՝ այդ ձայնագրությունը մոնտաժված է, թե՞ մոնտաժված չէ, որովհետև այդ ձայնագրությունը գտնվում է փորձաքննության փուլում»: Զինվորական դատախազը հայտարարել էր նաև, որ «եթե փաստաբանը կամ դատավարության այլ մասնակիցը ունեն նման տեսագրություն, ապա առնվազն իրենց պաշտպանության իրավունքից ելնելով՝ կարող են, այդ թվում և հրապարակայնորեն, այն ներկայացնել նախաքննության մարմնին: Այդ ժամանակ արդեն այդ ձայնագրության նույնականացումը կհավաստվի համապատասխան փորձաքննության արդյունքում` պարզելու համար, թե այդ տեսաձայնագրությունը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ»: Ի դեպ, Հայկ Ալումյանը նշել է, որ տեսագրության «բնօրինակը» չունեն։