Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է»
Վեց տարի առաջ այս օրը՝ դարձյալ Վարագա Սուրբ Խաչի տոնին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով և հազարավոր հայորդիների նահատակությամբ։
Այսօր Մասյացոտնի թեմի եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագեց և Հոգեհանգստյան արարողությունը հանդիսապետեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակին և նրանց թողած պատգամին, մասնավորապես նշեց․
«Այսօր մեր մտքի ու աղոթքի մեջ առաջին հերթին մեր նահատակներն են, որոնց անունները դաջված են մեր հիշողության մեջ, որոնց կյանքը շաղախված է հայրենի հողի հետ։ Նրանք իրենց կյանքով մտան խաչի խորհրդի մեջ և իրենց զոհողությամբ վկայեցին, որ կան արժեքներ, որոնց համար մարդը պատրաստ է տալ ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրանք խաչը չկրեցին միայն որպես նշան։ Նրանք իրենց կյանքը դարձրին խաչի զոհողության վկայություն։ Նրանց համար հավատքը, հայրենիքը, պարտքը և սերը բառեր չէին, այլ պատասխանատվություն, որի համար պատրաստ եղան զոհողության։ Աշխարհի չափանիշով նրանց կյանքը ավարտվեց զոհաբերությամբ։ Քրիստոսի խաչի լույսի ներքո նրանց զոհողությունը վկայություն է այն հաղթական սիրո, որը սեփական կյանքը կարող է նվիրել ավելի բարձր արժեքի։
Եվ նրանք մեզ այսօր հարց են տալիս․ ի՞նչ ենք պատրաստ տալ հանուն հայրենիքի ու պետության ապագայի, ի՞նչ արժեքների համար ենք պատրաստ զոհել մեր հարմարավետությունը, ժամանակը, էներգիան և անձնական շահը։ Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է։ Նրանք իրենց բաժին խաչը կրեցին արժանապատվությամբ, և այո՛, հաղթանակած են։ Մեր բաժինը հիմա ապրելն է այնպես, որ նրանց զոհողությունը չմնա միայն հուշաքարի վրա»։
Մասյացոտնի թեմ

