Բաժիններ՝

Մեղադրողը միջնորդեց ոստիկաններին դատապարտել 8-ական տարվա ազատազրկման

Այսօրվա իր  մեղադրական ճառում  մեղադրող Վահագն Մուրադյանը միջնորդեց շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկանների դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում  մեղադրողը կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող բժիշկ Գևորգ Մարտիրոսյանին միջնորդեց դատապարտել տուգանքի՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:

Մեղադրողը գտնում է, որ  նախաքննությամբ ու դատաքննությամբ լիովին  հիմնավորված,  ապացուցված և հաստատված է ամբաստանյալներ Վաղինակ Վարդանյանին, Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Գևորգ Մարտիրոսյանին  առաջադրված մեղադրանքը, նրանց մեղսագրվող արարքները ճիշտ են որակված: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը  2012թ.   դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով վարչություն  բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:  Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս քրոջ նշանածի՝  Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մեղադրող Մուրադյանը գտավ նաև, որ ամբաստանյալների հայտարարությունները, թե հեռախոսային խոսակցություններում  արծարծվող գումարային հարցերը որևէ առնչություն չունեն գործի հետ և  որ խոսք է գնացել   ամբաստանյալ Էդուարդ Զաքարյանի անձնական գումարային խնդիրների մասին, անհիմն են, չեն բխում գործի փաստական տվյալներից և հետապնդում են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ:

Տուժող Դավիթ Եդիգարյանի ներկայացուցիչ Հունան Բաբայանի տեսակետը  որոշ հարցերի շուրջ էապես տարբերվում էր մեղադրողի  դիրքորոշումից, ինչն, ըստ ներկայացուցչի, ոչ թե մեղադրանքի կողմի, այլ երկու իրավաբանների կարծիքների տարբերության մասին է խոսում: Այսպես, ըստ Հ.Բաբայանի, պաշտանատար անձը՝ Է.Զաքարյանը պահանջել է գումար,  դա անհերքելի է, սակայն օպերլիազորը  որևէ լծակ չունի  ազդելու ինքնուրույն փորձագիտական հիմնարկի եզրակացության վրա: Բացի այդ, օպերլիազորը համապատասխան օրենքի որևէ  նորմով չի կարող բժշկին՝ տուժող Դ.Եդիգարյանին,  զրկել բժշկի լիցենզիայից, իսկ նրա  բուժհիմնարկին՝ տուգանել: Ըստ տուժողի ներկայացուցչի,  չի հաստատվել  նաև  գումարի՝ մեղադրական եզրակացությունում նշվող չափը՝  3000  ԱՄՆ դոլար, 2000-3000  դոլարի միջև տատանումները «բանակցությունների» հետևանք էին:

Ի դեպ, տուժողը ներկա չէր դատական նիստին, նա դատարանին ուղղված գրությամբ, մասնավորապես,  հայտնել էր, որ որևէ պահանջ չունի ամբաստանյալներից:

Օգոստոսի 20-ի դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը: Դատավարության տևական ընդմիջումը պայմանավորված էր  առաջիկայում մեղադրողի՝ հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս