Վերջին խոսքը․ ո՞վ է իրականում հաղթում ընտանեկան վեճերում
Ընտանեկան վեճի ժամանակ հաճախ յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել, որ ինքն է ճիշտ։ Մենք ուզում ենք ասել վերջին խոսքը, չենք ցանկանում առաջինը ներողություն խնդրել, որովհետև թվում է՝ դրանով պարտվում ենք։
Եթե իսկապես ցանկանում ենք պահպանել ընտանիքը, պետք է կենտրոնանանք ոչ թե անձերին վիրավորելու, այլ եղած խնդրի լուծման վրա՝ համագործակցելով մեր ընտանիքի անդամի, մեր կողակցի հետ: «Մենք մի թիմ ենք, բայց այս հարցում ունենք տարակարծություն»․ հենց սա պետք է լինի մեր երկու կողմերի մտքում, երբ արդեն առաջացել է վեճը, և ոչ թե հետևյալը․ «Ես հիմա քեզ ցույց կտամ, թե որքան սխալ ես դու, և որքան ճիշտ եմ ես»։ Չէ՞ որ վեճում հաղթողը նա չէ, ով վերջին խոսքն է ասում։
Հաղթում է նա, ով կարողանում է զիջել, լսել, ներողություն խնդրել և առաջին քայլն անել դեպի հաշտություն։ Բոլոր խնդիրներն էլ լուծումներ ունեն, եթե դրանք լուծելու կարևորությունն ավելի մեծ է, քան սեփական իրավացիությունն ապացուցելու ցանկությունը։
Ընտանիքում վերջին խոսք երբեմն կարող է արժենալ մինչև անգամ հարաբերությունների ավարտ, սիրելի մարդու կորուստ: Իսկ զիջելով մենք ընտրում ենք ԸՆՏԱՆԻՔԸ, ինչը միշտ ավելի մեծ հաղթանակ է։
Չէ՞ որ Քրիստոս էլ ասում է․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն» (Մատթ. 5:9)։ Ընտանիքում խաղաղարար լինելը պարտություն չէ։ Եվ գուցե իրական հաղթանակն էլ հենց սա է՝ ճիշտ պահին լռել, անհրաժեշտ պահին զիջել և այնքան խոնարհ լինել, որ ասես՝ «Ների՛ր ինձ»՝ պահպանելով ոչ թե սեփական իրավացիությունը, այլ տարիների ընթացքում կառուցած սերը, որը վեր է ամեն ինչից։

