Սպիտակի քաղաքապետը հարվածել է քաղաքացուն, ով վայր է ընկել և վնասվածք ստացել
Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:40-ի սահմաններում Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է, իսկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Այսօր՝ հուլիսի 10-ին, փաստի առթիվ Սպիտակի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ցուցումով փոխանցվել են մարզի դատախազություն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետը ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել է, որ ինքն է հարվածել և դրա հետևանքով է քաղաքացին վայր ընկել: