Բաժիններ՝

Ովքե՞ր թեկնածու կառաջադրեն թիվ 38 ընտրատարածքում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ: Անկախ այն բանից, թե հայրիկի հովանու տակ կարիերա արած երիտասարդն ինչպիսի մարզպետ կլինի,  պետք է  արձանագրել, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ  ստեղծված  վախի մթնոլորտը մարզում նահանջել է:

Թեև այս կադրային փոփոխությունը, իհարկե, մարզում մի նոր լարվածություն է ստեղծելու: Թիվ 38 ընտրատարածքում, որտեղից Վահեն երեք անգամ «ընտրվել» է պատգամավոր, նոր ընտրություն պետք է նշանակվի, և բնական է, որ նոր մարզպետն ու իր հայրը փորձելու են իրենց ուզած մարդուն մտցնել խորհրդարան: Դա նշանակում է, որ ընդդիմադիրներին այստեղ թեժ պայքար է սպասվում պատգամավորի  մանդատի համար: Իսկ  ընդդիմադիրներից ո՞վ է պատրաստ պայքարելու:

Արմատական ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը 2012-ի մայիսին հուժկու պայքարի էր լծվել և այստեղ առաջադրել Դավիթ Մաթևոսյանի թեկնածությունը, դեռ  հարցը չի քննարկել:  Լևոն  Զուրաբյանն անգամ դժվարացավ  հայտնել՝ իրենք թեկնածու առաջադրելու են, թե ոչ:

«Ժառանգություն» կուսակցությունը, որը  դեռևս ամիսներ առաջ՝ նախագահական ընտրություններում, Լիսկայի ստրկացրած մարզում հաղթանակ գրանցեց, չի բացառում, որ թեկնածու կառաջադրի:  «Ժառանգության»  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախագահական ընտրություններում Կապանում իշխանությունների համար անսպասելի արդյունքներ գրանցվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հաղթեց, դա ևս վստահություն է ներշնչում «Ժառանգությանը», որ քննարկումներում նաև այդ ընտրատարածքի արդյունքները նկատի ունենա վերջնական որոշում կայացնելիս»:

Նշենք, որ նախորդ ընտրություններում այստեղից առաջադրվել էր նաև Ագրարային համալսարանի Կապանի ուսումնական կետի ղեկավար Նարինե Մովսիսյանը, ում ընդդիմադիր կեցվածքի համար խոչընդոտում էին քարոզարշավ իրականացնել: Այս անգամ տիկինը մեզ հետ զրույցում ասաց, եթե իր որոշումը մի քանի հանգամանքներից է կախված: Օրինակ, որ արժանավոր թեկնածու լինի, նա կզիջի: Կամ՝ եթե Հակոբյանները շարունակեն մենաշնորհային պայքար մղել, դարձյալ իզուր կլինի, մի խոսքով, իրավիճակը կթելադրի տիկնոջ անելիքները: «Ես միշտ այն մտքին էի, որ Վահեն ի վիճակի չի, և ես ուզում էի իմ ներուժը փորձել… և քարոզարշավին չմասնակցելով, անգամ վստահված անձ չունենալով՝ հավաքեցի բավականին ձայն»:

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը վստահեցնում է, որ ինքը քաղաքականությանը չի խառնվում, և այն հարցից, թե պատրաստվո՞ւմ է  սեփական թեկնածուին առաջադրել կամ սատարել թիվ 38-ում, վրդովվեց. «Չեմ պատասխանելու այդ հարցին, կոմբինատի մասին հարցեր տվեք՝ պատասխանեմ, մեր ձեռնարկության մասին հարցեր տվեք՝ պատասխանեմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս