Համաշխարհային տնտեսությունը զգալի դժվարությունների է բախվում. ԲՐԻԿՍ
Համաշխարհային տնտեսությունը բախվում է զգալի դժվարությունների, այդ թվում՝ առևտրի մասնատման և պրոտեկցիոնիզմի, հարկաբյուջետային և գնաճային ճնշումների հետ: Այս մասին ասվում է ԲՐԻԿՍ երկրների ֆինանսների նախարարների և ԿԲ ղեկավարների հայտարարության մեջ։
«Գլոբալ տնտեսական հեռանկարների համար ռիսկերը շարունակում են բարձր մնալ, ինչն արտացոլում է պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունը, առևտրի մասնատումը և հովանավորչությունը, քաղաքականության մեջ անորոշությունը, հարկաբյուջետային ու գնաճային ճնշումները, աճող պարտքը և ֆինանսական խոցելիությունը», – նշվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ ԲՐԻԿՍ-ի տնտեսությունները ցույց են տվել կայունություն և շարունակում են զգալի ներդրում ունենալ կայուն, ուժեղ, ներառական և հավասարակշռված համաշխարհային տնտեսական աճի մեջ:
«Այս համատեքստում մենք կամրապնդենք մեր հավաքական ջանքերը՝ ուղղված գլոբալ տնտեսական կայունության բարձրացմանը, ներդրումների և աճի պահպանմանը, ինչպես նաև բաց և ներառական գլոբալ տնտեսական միջավայրի պահպանմանը», – նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթի հեղինակները կոչ են արել նաև բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը, որպեսզի դրանց կառավարման կառուցվածքը համապատասխանի համաշխարհային տնտեսության վերափոխմանը:
ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հանդիպում են անցկացրել Մումբայում, որի արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն:

