Արմավիրի դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ. Վճռաբեկ դատարանի որոշումը

Վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր Վահագն Մելիքյանի՝ Վեհափառի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործի տարածքային ընդդատության հարցը, որոշել է, որ քրեական վարույթը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցի քննարկման շրջանակներում արձանագրել է դատական շրջապտույտի, ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող այլ իրավունքների խախտման վտանգի առկայություն։

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը լուծելու մասին որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն: Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։

Միաժամանակ, նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ:

Կարդացեք նաև

Արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ:

Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ փաստացի ասում է, որ դատավոր Սերժ Ռուշանյանն անհարկի ձգձգել է գործի քննությունը:

Հիշեցնենք՝ քրեական գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Սերժ Ռուշանյանը, սակայն, որոշել էր քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանն էլ, անդրադառնալով գործի տարածքային ընդդատության հարցին, դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով որոշել, թե որ դատարանն է իրավասու քննել քրեական վարույթը։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ընդդատության հարցը պետք է որոշվի օրենքով սահմանված օբյեկտիվ չափանիշներով», ոչ թե դատարանի սուբյեկտիվ կամ ձևական մոտեցմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործը մեկ դատարանից մյուսը փոխանցելը՝ առանց հստակ իրավական հիմքի, կարող է առաջացնել անհարկի «դատական շրջապտույտ» և վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

«Հրապարակի» տեղեկություններով՝ ի դեպ, Վճռաբեկ դատարանի որոշումից հետո գործը վերադարձել է Արմավիրի մարզի դատարան և կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930