2019 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 3 անգամ նվազել է. ԵՏՀ
Վերջին տարիներին ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առևտրի կառուցվածքը զգալիորեն փոխվել է. Արևմուտքի մասնաբաժինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին առևտրում 2019 թվականից ի վեր զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Եթե 2019 թվականին Արևմուտքի մասնաբաժինը մեր արտաքին առևտրում կազմում էր 60%, այժմ այն նվազել է 20%-ից ցածր և հակառակը, գլոբալ շուկայի երկրների մասնաբաժինը 40%-ից աճել է մինչև 80%։ Եվ դա եղել է գրեթե առանց արտաքին առևտրի ծավալների նվազման։ Այսինքն դրանք նոր շուկաներ են, նոր կապեր, դրանք արագ են ստեղծվել, և այստեղ մենք կրկին գործընկերության բարձր մակարդակ ենք տեսնում», – հայտարարել է նա «Ռուսաստան» ազգային կենտրոնում «Մեծ Եվրասիայի ստեղծում» թեմայով հանդիպման ժամանակ կայացած «Հայրենիքը մարդիկ են» շարքի շրջանակներում։
Սլեպնյովը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտուրը տարվա արդյունքներով պետք է գերազանցի 100 մլրդ դոլարի շեմը. 10 տարի առաջ այս ցուցանիշը 45 մլրդ դոլար էր կազմում։
«Այսօր մենք մտնում ենք արդեն ոչ այնքան առևտրային համագործակցության և կապակցվածության, այլ լիարժեք ներդրումային համագործակցության, տեխնոլոգիական և արդյունաբերական կապակցվածության փուլ։ Եվ սա իսկապես շատ կարևոր է առևտրային պատերազմների և հին տեխնոլոգիական ցիկլի ավելցուկային գլոբալ արտադրական հզորությունների ֆոնին։ Մեզ համար իսկապես կարևոր է այստեղ զարգացման վերաբերյալ ընդհանուր ըմբռնման հասնել նոր շրջանում», – հավելել է նա։
Եվրասիական տնտեսական միության առևտրային նոր համաձայնագրերը կարող են ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղի ստեղծում ապահովել։

