Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։
«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։
Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալու դեպքում
- Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։
- Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։
- Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։
- Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։
- Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը»։

