ԱՄՆ Պետդեպարտամենտը 630.000 դոլար է ծախսել` Facebook-ում like-երի համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը 630 հազար դոլար է ծախսել Facebook սոցիալական ցանցում իր ժողովրդականությունը բարձրացնելու համար: Այս մասին հայտնի է դարձել «The Washington Examiner»-ի հրապարակած հաշվետվությունից, որը վերաբերում է Պետդեպարտամենտում տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվող ենթակառույցին:
Ստուգումը սկսվել է, երբ վարչության աշխատակիցները բողոքել էին վերահսկիչ մարմնին, որ սոցիալական ցանցերում աշխատանքի համար պատասխանատու բյուրոն պարզապես «գնում է երկրպագուների»:
Այսպես, կատարված ստուգումները ցույց են տվել, որ 2011-2013թվականի մարտ ամիսը տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվող բյուրոն հաջողացրել է Facebook-ի իրենց անգլալեզու էջերում հավանողների (like-երի) քանակը 100 000-ից հասցնել մինչև 2 միլիոնի և մինչև 450 000-ի՝ այլ էջերում:
Սակայն այս թվերն այդքան էլ ազդեցիկ չեն թվում, եթե հաշվի առնենք, որ թիրախային լսարանի ուշադրությունն այդպես էլ գրավել չի հաջողվել. Նման մեծ քանակի բաժանորդներից ընդամենը 2%-ն է իրապես հետաքրքրվել տարածած տեղեկատվությամբ:
Ստուգումը ցույց է տվել նաև, որ բյուրոյի կողմից տեղեկատվական քաղաքականության ոչ մի համարժեք ռազմավարություն չի կիրառվել բաժանորդներին ներգրավելու ուղղությամբ: