Դպրոցի նախկին տնօրեն. Աշխատանքից ազատել են ընտրությունների ժամանակ վատ աշխատելու պատճառով
«Խնդրում եմ իշխանություններին, պետական կառույցներին չկպնել և իմ ասածները թող որևէ քաղաքական կուսակցություն չօգտագործի դիվիդենտներ շահելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է ՀՀԿ-ական, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը:
Վերջինս աշխատանքից ազատվել է սույն թվականի հուլիսի 24-ին, իսկ մինչև այդ՝ շուրջ 9 տարի, աշխատել է որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ նրա, պաշտոնակատար է նշանակվել 2004թ. և անցած տարիների ընթացքում կարողացել է ավերակ դպրոցը վերանորոգել՝ բերելով նորմալ վիճակի։
«Դպրոցի տնօրեն ընտրելու համար բազմաթիվ անգամ խորհրդի նիստ է հրավիրվել, բայց ոչ մի անգամ այդ նիստերը այդպես էլ չեն կայացել»,- նշել է նախկին տնօրենը՝ տեղեկացնելով,որ խորհրդի նիստերի նախագահը եղել է գյուղապետը, ով, ըստ Գնել Ռոստոմյանի,տկարամիտ մի անձնավորություն է,ով համագործակցում է մարզպետի հետ:
Ներկայացնելով աշխատանքից իրեն ազատելու պատճառները՝ նա նշել է, թե մարզպետը և գյուղապետը կարծում են, որ ինքը վատ է աշխատել նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հայտարարեց, որ ՀՀԿ-ական է, հավատարիմ իր կուսակցությանը և չէր կարող վատ աշխատել:
Դպրոցի ներկայիս տնօրեն Սուսաննա Նազարյանը ևս ժամանակավոր պաշտոնակատար է։ Չնայած աշխատանքից ազատելու որոշման հետ համամիտ չլինելուն, այդուհանդերձ, Գ.Ռոստոմյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դատի տալ, քանի որ «մարզպետի և գյուղապետի ձեռքը բավականին երկար է, և չի բացառվում, որ իրեն մի շարք խնդիրների առաջ կանգնեցնեն»:
Դիմելով Նախագահին՝ նախկին տնօրենը խնդրում է իրեն մի փոքր անկյուն տրամադրել՝ Արմավիրի մարզից և այդ միջավայրից հեռանալու համար։ «Հայրենիքն իմն է, բայց երկիրը՝ ոչ»,- վրդովված ասել է Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրենը:
Լուսանկարը՝ hetq.am-ի