«Թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի որևէ փաստաթուղթ, որտեղ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է և կոչվել է Քյարքի». Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Տիգրանաշենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից բոլորովին չի զարմացել, քանի որ մինչև այդ հայտարարությունը բազմիցս անձամբ նշել է, որ Տիգրանաշենին վտանգ է սպառնում։

«Այս մասին տարիներ շարունակ խոսել ենք, ասել ենք, որ Նախիջևանը թուրքական պրոյեկտ է, և դրա միջոցով «Թուրանի» գաղափարն են իրականացնելու։

Ուղղակի մեր ժողովրդին հիշեցնեմ, որ թուրքական էթնոսը դեռ 120 տարի առաջ, ամեն ինչ շատ լավ հաշվարկելով, պարտադրել էր բոլշևիկներին Նախիջևանը հանձնել Ադրբեջանին։ 1926 թվականին Իրանից էլ գնեցին 12 կմ տարածք, որպեզի ունենան Նախիջևանի հետ ընդհանուր սահման։ Դրանից հետո արդեն խորհրդային Հայաստանի տարածքում եկան հովիվներ, որոնք ընտանիքներով էին գալիս ու տարածվում։ Հետագայում արդեն իշխանությունը պնդեց, որպեսզի նրանց այլևս թույլ չտան մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ արդեն հասկացել էին, թե նրանք ինչ նպատակ ունեն։

Ուզում եմ ասել, որ Տիգրանաշենը 12 կմ հեռավորություն ունի Նախիջևանի սահմանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այսօրվա դրությամբ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն են շահագրգիռ այս հարցի լուծմամբ, որպեսզի Տիգրանաշենը վերցնեն, այլև Ղազախստանը չի թաքցնում իր նմանօրինակ նկրտումները՝ հաշվի առնելով այն, որ ուզում են դառնալ հայկական երկաթգծին տիրապետողը՝ ռուսական կոնցեսիան գնեն և վերցնեն իրենց մոտ։ Սա նշանակում է, որ այս ամենը շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական ծրագրի իրականացում է։

«Մեզ համար արդեն ամեն ինչ պարզ է, պարզ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ստել՝ առավոտը մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան։ Սա ինձ համար զարմանալի չէ, շատ լավ հասկանում եմ, որ նա կատարում է մի ծրագիր, որը հակահայկական է, հակապետական իր ամբողջ էությամբ։

Հարց՝ որքա՞ն կարող ենք բացահատել նրա ստերը, անիմաստ է այդ գործողությունը, կա պարզ հասկացողություն՝ ժողովրդի այն հատվածը, որը գիտակցում է, թե ինչ վտանգ է կախված իր ու պետության գլխին, պետք է համախմբված բողոքն արտահայտի մեկ անգամ ու միասնաբար։ Մենք արդեն հոգնել ենք ասելով, որ ինչ պլանավորվում է, պետք է լինի միասնաբար, նույնը մեր ընդդիմությանն ենք ասել։ Եթե խնդիր է դրված հեռացնելու այս իշխանությանը, ապա պետք է քաղաքական օրակարգ ձևավորվի, որը չկա՝ այդ օրակարգում պետք է լինեն այն կարևոր հարցերը, որոնք վերաբերում են պետության անվտանգությանն ու պահպանմանը»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ «Միասին» շարժումն առաջիկա օրերին հանդես է գալու առաջարկությամբ, թե ինչպիսին պետք է լինի այս քաղաքական օրակարգը։ Պետք է նաև հստակեցվի, որ մեկ քայլ անելով խնդիրը չի լուծվելու, ամեն ինչ պետք է արվի հետևողական և լինի շարունակական։ Չի կարելի շարժում սկսել, հանդիպել դիմադրության և համարել շարժումն ավարտված։

«Կա քաղաքական պայքարի համապատասխան տրամաբանություն, որը պետք է օգտագործվի։ Խորհրդարանում ներկայացված ընդդիմությանը մշտապես առաջարկում ենք, որ նման նախաձեռնությամբ իրենք հանդես գան։ Քավ լիցի, մենք որևէ ամբիցիա չունենք, մեր խնդիրն է՝ առկա հարցերը լուծել։ Այս եղած խոսակցություններն այլևս որևէ մեկին պետք չեն, առավել ևս ինչի՞ ենք սպասում, սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կատարի այն, ինչի մասին խոսում է։

Ի դեպ, ասեմ՝ թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի որևէ փաստաթուղթ, որտեղ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է և կոչվել է Քյարքի։ Նաև թող ցույց տա՝ Ալմա Աթայի հռչակագրում որտեղ է նշված, որ այս տարածքը հայկական չէ։

Նիկոլ Փաշինյանի «լեզվի տակ ոսկոր չկա» ինչ ուզում, ասում է, բա իր կառավարությունում չկա՞ որևէ խելքը գլխին մարդ, որ ասի՝ այդ ինչե՞ր ես ասում։ Թե՞ Ստալինի ժամանակների նման հետո կգան ու կասեն՝ ի՞նչ անեինք, հրաման էինք կատարում, սա՞ է լինելու իրենց արդարացումը։

Տիգրանաշենը ոչ թե հողակտոր է, այլ բանալին է այն փականի, որը դրված կլինի մեր առջև։ Տիգրանաշենը տալուց հետո, Հայաստանը մնալու է որպես տարածք, որն օգտագործելու են Թուրքիան ու Ադրբեջանը՝ առանց ժողովրդի»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի վերաբերյալ մասնավորապես ասել էր.

«Մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և հենց այդ քարտեզներով ենք Կիրանցի հատվածում իրականացրել սահմանազատումը։ Ըմբռնումն այն է, որ հենց այդ քարտեզներով էլ պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը։ Հիմա, այդ քարտեզների համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բարխուդարլուն և Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա մեր ընկալումն ինչպիսի՞ն է. արդյոք այս հարցը պետք է լուծվի՞, թե՞ ոչ։

Այո՛, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը ռազմական ճանապարհով լուծելու համար. ոչ, չկա՛ այդպիսի տարբերակ։

Հարցերը ռազմական ճանապարհով լուծելն անցյալում է և փակված էջ։ 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է։ Այդ 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը ներառված է՝ բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները ներառված չեն, հետևաբար՝ այդ տարածքները դուրս են այդ 29,743 քառակուսի կիլոմետրի հաշվարկից, բայց սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Արարատի նախկին մարզպետ, այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը խոսելով Տիգրանաշենի վերաբերյալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարաության մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։ Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31