Շվեդիայում 18-ամյա տղան սրով հարձակվել է դպրոցի վրա․ մեկ մարդ զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են
Շվեդիայի Ֆագերստա քաղաքում 18-ամյա երիտասարդը սրով հարձակվել է դպրոցի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը ծանր վիրավորվել են, հայտնում է CBS News-ը։
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, Բրինելլի դպրոցում՝ դասերի ժամանակ։ Այդ պահին ուսումնական հաստատությունում գտնվել է մոտ 400–500 աշակերտ։ TT գործակալության տվյալներով, ծանր վիրավորվածները 12-ից 17 տարեկան տղաներ են։
Կասկածյալը ձերբակալվել է տեղում։ Նրան ձերբակալելիս ոստիկանությունը կրակ է բացել։ Չի հաղորդվում, թե արդյոք 18-ամյա տղամարդը վիրավորում ստացել է, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել. նա մնում է կալանքի տակ։
Ոստիկանությունը դեռևս չի պարզել հարձակման դրդապատճառը։ Ոստիկանության պետ Թոմմի Ալրիքսոնը հայտարարել է, որ այս պահին հիմքեր չկան ենթադրելու, թե հարձակմանը մասնակցել են մի քանի մարդ։ Քննիչներն արդեն երկու խուզարկություն են անցկացրել հետաքննության շրջանակում և մտադիր են հարցաքննել բազմաթիվ վկաների։
«Մենք չենք կարող չափազանց շատ տեղեկություն հայտնել, քանի որ չենք ցանկանում ազդել վկաների ցուցմունքների վրա», — ասել է Ալրիքսոնը։
Զոհվածին հայտնաբերել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը մտել է շենք և սկսել ապահովել դպրոցի տարածքի անվտանգությունը։
Հարձակումից հետո մոտակայքում գտնվող մի քանի դպրոցներ փակվել են, իսկ շրջանի ճանապարհները՝ արգելափակվել։ Դպրոցի հարևանությամբ գտնվող մարզադահլիճում քաղաքային իշխանությունները ճգնաժամային կենտրոն են բացել տուժածների և նրանց հարազատների համար։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը տեղի ունեցածն անվանել է «լուրջ միջադեպ» և ցավակցություն հայտնել բոլոր տուժածներին։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ է կանգնած այս արարքի հետևում, բայց գիտենք, որ ոստիկանությունը շատ ինտենսիվ է աշխատում», — գրել է նա X սոցիալական ցանցում։

