Ադրբեջանը հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի թշնամիներին. իրանցի պատգամավոր
Իրանի խորհրդարանում (Մեջլիս) կառուցապատման հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Ռեզայիքոուչին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան խորհրդարանում հապճեպ վավերացնելուն։ Իր խոսքում նա հատուկ շեշտադրել է Իրանի նկատմամբ Բաքվի թշնամական վարքագիծը՝ Ադրբեջանին մեղադրելով Թեհրանի դեմ ուղղված ռազմական ու հետախուզական գործողություններին աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է իրանական Fararu լրատվակայքը:
Իրանցի օրենսդիրը հայտարարել է, որ վերջին պատերազմների ընթացքում Ադրբեջանն իր բոլոր հնարավորություններն ու ներուժը տրամադրել է Իրանի թշնամիներին։
«Ադրբեջանը պատերազմի օրերին մի կաթիլ անգամ չնահանջեց Իրանի հանդեպ թշնամանքից և հետախուզական տվյալներ փոխանցեց թշնամուն։ Չի կարելի առերևույթ տնտեսական կոնվենցիայի կամ համաձայնագրի անվան տակ գործնականում հնարավորություն ստեղծել թշնամիների՝ մեր երկրի ափերին մոտենալու համար և ավելացնել անվտանգային սպառնալիքները: Պարզամտություն է, առանց հարևան երկրների անցյալին ու վարքագծին ուշադրություն դարձնելու, վստահել նրանց և երկրի ջրային տարածքների ռազմավարական ներուժը տրամադրել այնպիսի կողմերի, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներն ավելի մոտեցնել Իրանի սահմաններին», – ընդգծել է նա։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «հարևանության» հասկացության և «հարևան երկրների նկատմամբ վստահության» սխալ սահմանումը չպետք է վերածվի ռազմավարական սխալի։ Նա նկատել է, որ հարավից պատերազմի ու շրջափակման հետ առճակատվելու պայմաններում հյուսիսային ուղին կարող է Իրանի համար կարևոր հնարավորություն լինել առևտրային կապերի զարգացման և հաղորդակցային միջանցքների դյուրացման համար, սակայն «չի կարելի «հյուսիսային հարևանների հետ իրավական համաձայնագիր» գրավիչ վերնագրի տակ շրջանցել հարցի ռազմավարական կողմերը»։
«Կասպից ծովում Իրանի բաժինը զուտ քաղաքական խնդիր չէ, այլ անվտանգության, տնտեսական, ինքնիշխանության և ռազմավարական տեսանկյունից նույնպես ունի չափազանց մեծ կարևորություն, և ցանկացած որոշման մեջ պետք է լիովին հաշվի առնվեն Իրանի իրավունքները»,- շեշտել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի օգոստոսի 12-ին Ակտաուում ՝ ափամերձ հինգ երկրների (Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) ղեկավարների կողմից: Չնայած կոնվենցիան ստորագրվել է տարիներ առաջ՝ Իրանի խորհրդարանում այն դեռ չի հաստատվել:

