Ինչպես Չինաստանը թուլացրեց Թեհրանի նավթային շանտաժը

Իրանական մամուլում հետաքրքրական քննարկում է սկսվել։ Khorasan Daily-ն, որը կապում են խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Ղալիբաֆի հետ, փաստացի ընդունում է. ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի) հաշվարկն առ այն, որ Հորմուզի նեղուցի փակումը նավթի գինը կբարձրացնի մինչև 200 դոլար՝ մեկ բարելի դիմաց, համաշխարհային քաոս կառաջացնի և կստիպի Վաշինգտոնին նահանջել, այլևս չի աշխատում։ Ո՛չ գարնանը, ո՛չ էլ վերջին զինված բախումների ժամանակ սպասված գների թռիչք չի գրանցվել։

Իրանցի հեղինակները պատճառներից մեկը տեսնում են Չինաստանի քաղաքականության մեջ։ Պեկինը մնում է պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթի գրեթե միակ խոշոր գնորդը և, հետևաբար, Թեհրանին թելադրում է սեփական պայմանները։ Հանգիստ ժամանակահատվածներում նա այն գնում է մեծ զեղչով, իսկ ճգնաժամի սպառնալիքի դեպքում օգտագործում է կուտակված պաշարներն ու ավելացնում մատակարարումները Ռուսաստանից։

Թեհրանի համար հետևությունը տհաճ է։ Չինաստանն օգտվում է Իրանի մեկուսացումից, բայց պատրաստ չէ վճարել նրա ղեկավարության արկածախնդրությունների համար։ Թույլ Իրանը, որը ստիպված է էժան գնով նավթ վաճառել, Պեկինին լիովին ձեռնտու է։ Իրանը, որն ընդունակ է համաշխարհային էներգետիկ ճգնաժամ առաջացնել, արդեն՝ ոչ։

Այնուամենայնիվ, Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքն ամբողջությամբ չի կորցրել իր ուժը։ Լուրջ հակամարտությունն անխուսափելիորեն կհարվածի շուկաներին։ Սակայն Թեհրանի նախկին վստահությունն առ այն, որ նեղուցի միայն հիշատակումը բավական է Արևմուտքին ծնկի բերելու համար, ակնհայտորեն անհետանում է։
Ուժային ճամբարին մոտ կանգնած Tasnim, Javan և Kayhan հրատարակությունները համաձայն չեն սրան։ Նրանք կարծում են, որ ճնշումը համաշխարհային շուկայի վրա կուժեղանա՝ պաշարների նվազմանը և մատակարարումների հետ կապված խնդիրների առաջացմանը զուգընթաց։

Ըստ էության, խոսքը Իրանի հետագա ուղու ընտրության մասին է. արդյո՞ք պրագմատիկներին կհաջողվի գալ Արևմուտքի հետ պայմանավորվածությունների, թե՞ վերստին կգերակշռի ուժային թևը, որը շարունակում է գործել հին սխեմայով. մի մեթոդ, որն ամեն անգամ ավելի քիչ է վախեցնում հակառակորդներին և գնալով ավելի թանկ է նստում հենց Իրանի վրա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՑԻՆԿԵՐ

Լուսանկարը՝ AI

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31