Մայքլ Ռուբինը կոչ է անում Հայաստանին ճանաչել Սոմալիլենդի անկախությունը

Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը The Armenian Mirror-Spectator պարբերականում հրապարակված «Armenia Should Recognize Somaliland» («Հայաստանը պետք է ճանաչի Սոմալիլենդը») հոդվածում կոչ է արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։

Ռուբինը հոդվածում զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Սոմալիլենդի պատմական փորձի միջև՝ նշելով, որ երկու ժողովուրդներն էլ վերապրել են զանգվածային բռնություններ, պայքարել են ինքնորոշման համար և, ըստ նրա, կարողացել են կառուցել կենսունակ պետական ու հասարակական համակարգեր։

Հեղինակի գնահատմամբ՝ Սոմալիլենդը 1991 թվականից ի վեր ձևավորել է ժողովրդավարական կառավարման համակարգ, անցկացրել է մի շարք ընտրություններ, զարգացրել թվային տնտեսությունն ու կրթական ոլորտը՝ չնայած միջազգային ճանաչման բացակայությանը։ Նա հակադրել է այս պատկերը Սոմալիում շարունակվող քաղաքական և անվտանգային խնդիրներին։

Ռուբինը նաև պնդել է, որ Հայաստանն ու Սոմալիլենդը բախվում են ընդհանուր մարտահրավերների՝ մասնավորապես Թուրքիայի քաղաքականությանը, և Երևանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի նախաձեռնող։ Նրա կարծիքով՝ Հայաստանը կարող է նախ ներկայացուցչություն բացել Սոմալիլենդի մայրաքաղաք Հարգեյսայում, իսկ հետագայում նաև ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։

Հոդվածում առաջարկվում է նաև Սոմալիլենդի նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահի («Իռո») հնարավոր այցի շրջանակում նրան հրավիրել Երևան, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ցեղասպանությունների հիշողության և կրթական նախաձեռնությունների ուղղությամբ։

Եզրափակելով՝ Ռուբինը նշում է, որ, իր գնահատմամբ, Սոմալիլենդի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, և Հայաստանը կարող է այդ գործընթացում լինել առաջին երկրների շարքում՝ ստանալով քաղաքական, բարոյական և տնտեսական առավելություններ։

Հիշեցնենք, որ Սոմալիլենդը չունի միջազգային լայն ճանաչում։ 2025 թվականի դեկտեմբերին Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Սոմալիլենդի անկախությունը։ Միացյալ Թագավորությունը, որը նախկինում կառավարել է այդ տարածքը՝ որպես բրիտանական պրոտեկտորատ, ներկայումս չի ճանաչում Սոմալիլենդի անկախությունը և աջակցում է Սոմալիի տարածքային ամբողջականության պահպանմանը։

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31