Փաշինյանին տարբեր միջոցներով հարցրել եմ՝ եթե դու չես թիվ մեկ մեղավորը, անունն ասա, իմանամ՝ իմ տղայի չլինելու մեղավորն ո՞վ է. Վահիդ Սահակյան

Մայիսի 25-ին Գլխավոր դատախազությանը «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամների կողմից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացված հայցն արդեն դատարանում է։ Այս մասին օրերս 168.am-ին ասել էր փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատարանից դեռևս որոշում չեն ստացել՝ գրավոր ընթացակարգով է քննվում։

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հոր՝ Վահիդ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իրավապահ համակարգից որևէ ակնկալիք չունի, առավել ևս՝ արդար դատական գործընթաց չի սպասում։

Նա հիշեցրեց 2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարություններից մեկը, երբ նա ասել էր, որ «կարող էր լինել նույն վիճակը, բայց առանց զոհերի», դրանից հետո որդեկորույս ծնողները կրկին դիմել էին Դատախազության։

«Մենք պահանջեցինք, որ գործ հարուցվի՝ Նիկոլ Փաշինյանի ինքնախոսոտովանական ցուցմունքի հիման վրա։ Մեկ տարուց ավելի՝ էլ դուռ չմնաց, էլ եսիմ որտեղ տարան ու բերեցին մեզ, հարցաքննեցին, վերջում էլ գործը չգիտեմ ուր հասցրեցին։ Այդ քննիչներից մեկն ասաց, թե իբր Նիկոլ Փաշինյանից էլ են ցուցմունք վերցրել, թե ինչ է ասել, մենք չգիտենք։

Կարդացեք նաև

2025 թվականին կրկին նույնն է ասել, և որևէ արձագանք չեղավ իրավապահ համակարգի կողմից։

Այսօր իրավապահ համակարգն ո՞ւմ է ենթարկվում՝ մեկ մարդու է ենթարկվում՝ Նիկոլ Փաշինյանին։

ԲԴԽ նախագահին մարդը մեկ «sms»-ով ազատեց աշխատանքից, ինչո՞ւ միայն ԲԴԽ նախագահին, մեկ ժամում 5 ուժային կառույցների ղեկավարների հանեց աշխատանքից»,- 168.am հետ զրույցում ասաց Վահիդ Սահակյանը՝ հիշեցնելով, որ մշտապես ասել է՝ քանի դեռ այս իշխանությունը կա, որևէ արդյունքի չեն կարող հասնել, որովհետև ամեն ինչ կոծկում են։

Մեր զրուցակցի խոսքով՝ 2020 թվականի Արցախի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում էր, թե թիվ մեկ պատասխանատուն ինքն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։

«Այդ մարդուն տարբեր միջոցներով հարցրել եմ՝ եթե դու չես թիվ մեկ մեղավորը, ապա անուն տուր, այդ թիվ մեկ մեղավորի անունն ասա, որ ես իմանամ՝ իմ տղայի չլինելու մեղավորն ո՞վ է։ Ստից անուն են տալիս, բայց թիվ մեկ մեղավորի անունը պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Առ այսօր որևէ բան չկա։

Նորից եմ ասում, իրավապահ համակարգից ակնկալիք չունեմ, քանի դեռ սրանք են իշխանության։ Բայց ամեն ինչ այսպես չի մնա, մեկ անձ է երկիրը կառավարում, սա բռնապետություն է։

Ասել եմ՝ այս նախարարությունները թող ցրեն, մեկ հոգի է բոլորի փոխարեն որոշում կայացնում, ավելորդ ծախս են անում, թող ինքը հրամանը տա, ներքին օղակները կկատարեն»,- հավելեց Վահիդ Սահակյանը և ընդգծեց՝ տեղի ունեցածի հետ չի համակերպվել ու չի էլ համակերպվելու։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ 2020 թվականին գիտակցված զոհողության են գնացել։

«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար:

Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա, ինքն իրավունք չունի իր համար զոհողության գնա, կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ՝ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շաբաթներ անց 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազությանը՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031