Թրամփը հայտարարել է Իրանի «Փիքաքս Մաունթին» ստորգետնյա միջուկային օբյեկտին նախապատրաստվող հարվածների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» հարված կհասցնեն իրանական «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) օբյեկտին:
Այդ ամրացված ստորգետնյա համալիրը տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Նաթանզից մոտ մեկուկես կիլոմետր դեպի հարավ: 2020 թվականին Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրել էր, որ այդ հրապարակը նախատեսված է միջուկային վառելիքի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների ապագա հավաքման համար:
Այն հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, որ Իրանն արդեն տեղափոխել է միջուկային ցենտրիֆուգներն այնտեղ, Թրամփը պատասխանել է. «Մենք դրա մասին պաշտոնական տվյալներ չունենք»:
«Դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ նրանք նյութեր չունեն: Բուն նյութն այնտեղ չէ. մենք հետևում ենք հենց նյութերի տեղաշարժին, ահա թե որտեղ են տեղի ունենում հիմնական գործողությունները,- նշել է նախագահը:- Մենք, ամենայն հավանականությամբ, հարված կհասցնենք այդ շրջանին արդեն շատ շուտով: Եվ նրանք ոչինչ չեն կարողանա անել դրա հետ: Գիտեք, սովորաբար նման բան չէի ասի: Եթե մտածեի, որ նրանք ունակ են ինչ-որ կերպ հակազդել, ոչ մի դեպքում դ չէի հնչեցնի: Բայց մենք շատ շուտով հարված կհասցնենք այդ շրջանին, և հարվածը ծայրահեղ հզոր կլինի»:
Անցյալ շաբաթ Թրամփը նմանատիպ հայտարարություն էր արել պահպանողական ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի ծրագրի եթերում՝ նշելով, որ ԱՄՆ-ն ամենամոտ ժամանակներս «հավանաբար կփորձի «Փիքաքսին» հարված հասցնել:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իսրայելական իրազեկ աղբյուրին, հայտնել էր. Իսրայելում կարծում են, որ Իրանը այդ օբյեկտ է տեղափոխել առաջատար ցենտրիֆուգներ և բարձր հարստացված ուրանի իր պաշարների մի մասը անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո:

