Տվյալների բազայի շնորհիվ Հայաստանում էլեկտրոնային ֆայլերը կփոխարինեն փաստաթղթերին
ՀՀ կառավարությունը սահմանել է պետական տվյալների բազայի միասնական ստանդարտ, որը կօգտագործվի ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ բոլոր տվյալները մուտքագրելու համար։
ՀՀ թվային համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պետական ծառայություններ մատուցելիս էլեկտրոնային ֆայլերն ապագայում կփոխարինեն փաստաթղթերին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, տեղեկատվության յուրաքանչյուր միավոր (օրինակ՝ առանձին վերցված անհատի անձնական տվյալները) տվյալների բազա կմուտքագրվի միայն մեկ անգամ։ Դրանից հետո ցանկացած պետական մարմին այլևս կարիք չի ունենա փաստաթղթեր պահանջել անձից. դրանք կստանա բազայից։
Համակարգային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, էլցանցեր և այլն) նույնպես կկարողանան տվյալներ ստանալ հաճախորդների հետ իրենց աշխատանքի համար։
Որոշման նախագծում հատուկ նշվում է, որ պետական տվյալների բազայից ստացված փաստաթղթերի էլեկտրոնային քաղվածքները ոչ պակաս իրավական ուժ ունեն, քան բուն փաստաթղթերը։ Սրա շնորհիվ պետական մարմինները և մասնավոր ընկերությունները կարիք չեն ունենա քաղաքացիներից «ամեն դեպքում» փաստաթղթերի բնօրինակներ պահանջել։

