Թրամփի խոշոր նվիրատուն կղեկավարի 201 մլն դոլարանոց հիմնադրամը, որը ներդրումներ կկատարի նաև Հայաստանում․ Ո՞վ է նա. The Guardian

Չիկագոյում ծնված ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար նախատեսված 201 միլիոն դոլարի ներդրումները։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Հիմնադրամը նախատեսում է ֆինանսավորել տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտների նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։

Ըստ պարբերականի՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հանրապետականներին և քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար, որից 11 միլիոնը՝ նախագահի Super PAC MAGA Inc-ին։

Սոկոլովի հիմնադրած Tripp+ հիմնադրամն անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» պատվին․ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հարավով անցնող 27 մղոնանոց առևտրային միջանցքի մասին է։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Սոկոլովը Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում։ Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե նա անձամբ ինչ օգուտ կարող է ստանալ հիմնադրամի գործունեությունից և արդյոք այդ պաշտոնի համար վարձատրվելու է։

Պետքարտուղարությունից նշել են, որ հիմնադրամը գործելու է թափանցիկության և հաշվետվողականության պահանջներին համապատասխան՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման մեխանիզմների ներքո։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին ակտիվացրել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ Բացի այդ, ԱՄՆ Զարգացման ֆինանսավորման կորպորացիան հայտարարել է Tripp Development Company ստեղծելու ծրագրի մասին, որը նախատեսում է զարգացնել Ադրբեջանը, Նախիջևանը, Հայաստանը և Թուրքիան կապող տրանսպորտային ենթակառուցվածքները։

Ի դեպ, հիշեցնենք, որ Կոնստանտին Սոկոլովը «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր է, և դեռևս 2024թ. մարտին նա և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել էին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կոնստանտին Սոկոլովը Այ Ջեյ Էս Ինվեսթմենթս (IJS Investments) ընկերության հիմնադիրն է։ Այն Չիկագոյում գործող մասնավոր կապիտալի ներդրումային ընկերություն է, որը կենտրոնացած է տեխնոլոգիաների, ֆինանսների և ռազմավարական ենթակառուցվածքների հատման կետում։

Նա նաև Վիվայի (Viva)՝ Հայաստանի խոշորագույն բջջային և հեռահաղորդակցական ընկերության, խոշոր բաժնետերն է և ղեկավարում է ընկերության ներդրումային ծրագրերը՝ ուղղված 5G ցանցի և բարելավված ամպային ծառայությունների զարգացմանը։

Բացի այդ, նա Հյուսիսային հենասյուն էներգետիկ կոնսորցիումի (Northern Pillar Energy Consortium) նախագահն է՝ մաքուր էներգիայի և ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նախաձեռնությամբ, որը կապում է Եվրոպան և Աֆրիկան։ Կոնստանտինը նաև «Պելագոս» Դատա Սենթերսի (Pelagos Data Centres) նախագահն է՝ նախաձեռնություն, որը նպատակ ունի բավարարել արագ զարգացող թվային միջավայրի պահանջները և աջակցել տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլին։

Նա Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի (Munich Security Conference Foundation) հոգաբարձուների խորհրդի անդամ է, որը համարվում է միջազգային անվտանգության հարցերի շուրջ բարձր մակարդակի քննարկումների և երկխոսության առաջատար հարթակներից մեկը։ Նա նաև Մյունխենի անվտանգության համաժողովի «American Friends»-ի խորհրդի անդամ է։

Կոնստանտինը իր կարիերան սկսել է հեռահաղորդակցության ոլորտում՝ հիմնվելով իր նախկին փորձի վրա որպես Քուեսթ Քոմյունիքեյշնս (Qwest Communications, ներկայում՝ Լյումեն Թեքնոլոջիս / Lumen Technologies) ընկերության ձեռնարկությունների ճարտարապետության տնօրեն։ Այդ պաշտոնում նա նպաստել է ԱՄՆ կառավարության հեռահաղորդակցային ենթակառուցվածքի արդիականացմանը և մշակել նոր սերնդի լուծումներ հեռահաղորդակցության ու ֆինանսական ծառայությունների ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031