«Մեծամասնությունը պետք է որոշի. Նիկոլ Փաշինյանը շատ պարզ, բայց կեղտոտ ծրագիր է իրականացնում». Մետաքսե Հակոբյան

Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ արդեն նախկին նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացրել էր իր հրաժարականի մասին։

«Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։

Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ։Այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից։ Չի նշանակում հրաժարում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և այն պայքարից, որի համար մեր ընտանիքն արդեն իսկ վճարել է կյանքի գնով։ Պաշտոնը ժամանակավոր է։ Արցախը, մեր ժողովրդի ցավը, մեր հերոսների հիշատակը և նրանց առաջ ունեցած պարտքը՝ մշտական»,- հայտարարության մեջ նշել էր Աշոտ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի ԱԺ-ին, արդյոք այս պահին նախագահի հնարավոր թեկնածուների անուններ քննարկվո՞ւմ են։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ պնդումները, թե Արցախի պետական ինստիտուտները լուծարվում են, անտեղի են, դա նման պնդումներ անողների երազանքն ու նպատակն է։

«Այն ամենը, ինչ արդեն երկար ժամանակ տեղի է ունենում Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ, այդ ամենը կատարվել է այն մարդկանց ձեռքով, ովքեր ծառայում են ՀՀ օրվա իշխանություններին։ Խոսքս նաև ծնունդով արցախցիների մասին է, որոնց համար, բնականաբար, էականն Արցախի հարցը չէ, այլ նյութականը։ Նրանք առնվազն վերջին 2 տարում անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ներկայացուցչությունը չգործի, չլինի նաև ԱԺ-ն։ Բնականաբար, այս ամենը ծառայեցնում են ՀՀ իշխանություններին»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ երբ մեկ տարի առաջ հայտնվել էին անասելի իրավիճակում, կարողացել են կազմակերպվել ու իրավիճակը փոխել, բայց այդ մեկ տարին պետք է օգտագործվեր արդյունավետ աշխատելու համար, մինչդեռ իրենք ստիպված են եղել չեզոքացնել այդ ընթացքում իրենց դեմ գեներացվող ինտրիգները:

«Ցավոք, պետք է խոստովանեմ, որ եզակի մարդիկ կան նույն Արցախի իշխանությունների մեջ, նաև ԱԺ-ում, որոնք այս իշխանությունների կողմից որևէ բռնաճնշման առաջ կանգ չեն առնում։ Այս առումով շարքերն ավելի նոսրացած են, բայց մենք փորձում ենք այս իրավիճակում գոնե իրավիճակը որոշ չափով շտկել։

Իհարկե, քննարկումներ ընթանում են, մեր ունեցած շատ սահմանափակ ռեսուրսի առկայությամբ խնդիրներին լուծում գտնենք։ Չգիտեմ, թե մենք որքանով կկարողանանք հաջողել, բայց մենք ամեն բան պետք է անենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ Արցախի ԱԺ նախկին նախագահի նկատմամբ որևէ ճնշում եղե՞լ է ՀՀ իշխանությունների կողմից, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ իշխանությունը բավականին խորամանկ է, քանի որ սկզբում Արցախի պետական ինստիտուտների վրա ուղիղ հարձակումը լավ արձագանք չէր ստանում, որից հետո սկսեցին այլ կերպ աշխատել։

«Տարիներ առաջ ասում էի, որ Նիկոլն ու խմբակն այնպես են անելու, որ Արցախի հանձնման գործընթացում արցախցիներ են ներգրավված։ Հիմա էլ այնպես է անում, որ Արցախի հարցի փակումը կրկին դնի արցախցիների ուսերին ու ասի՝ նրանք են փակել հարցը։ Նիկոլ Փաշինյանը կեղտոտ, բայց շատ պարզ ծրագիր է  իրականացնում մի 15 հոգու ձեռքով, որոնք, ցավոք, Արցախից են։

Մենք վերջին տարիներին միջազգային ասպարեզում սկսել ենք արդյունավետ գործունեություն ծավալել Արցախի հարցով, ինչը սկսել է անհանգստացնել այս իշխանություններին»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուներին  և հարցին՝ հնարավո՞ր է՝ իր անունը ևս լինի այդ թեկնածուների մեջ, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ այնպես է ստացվում, որ «Ազատ Հայրենիք» խմբակցությունը մեծամասնություն է, կա նաև անկախ պատգամավոր և 3 այլ խմբակցություններ, հետևաբար՝ նրանք բոլորը պետք է քվեարկեն այս կամ այն թեկնածու օգտին։

«Մեծամասնսությունը պետք է որոշի։ Եթե իմ մասին ենք խոսում, ապա որևէ ճնշում ինձ հետ չի կարող պահել, վերջին 3 տարիների ընթացքում իմ նկատմամբ եղել են այդ ճնշումները, բայց որևէ կերպ չենք ընկրկել, քանի որ մեր նպատակը շատ ավելի թանկ է, քան այն ամենը, ինչը կարող է լինել մեզ հետ։ Պատրաստ եմ ցանկացած ինքնազոհողության հանուն Արցախի։ Այդուհանդերձ, դեռևս նման քննարկում չկա, քննարկումը մեծ մասամբ ավելի մեծ խմբակցությունների անդամի թեկնածության մասին է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031