Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ չի զղջում Թրամփի հետ մերձեցման համար՝ չնայած տարաձայնություններին
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չորեքշաբթի հայտարարել է, որ չի զղջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ հարաբերություններ հաստատելու իր ջանքերի համար՝ չնայած մի շարք հրապարակային տարաձայնություններին, որոնք վերջին ամիսներին բարդացրել են երկու քաղաքական գործիչների հարաբերությունները:
Ավելի վաղ Մելոնին համարվում էր եվրոպական թատերաբեմում Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը: Սակայն վերջին շրջանում նա ինքն է դարձել ամերիկյան առաջնորդի քննադատության թիրախը՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում և սոցիալական ցանցերի հրապարակումներում:
«Ո՛չ, ես բացարձակապես չեմ զղջում իմ արած ոչ մի քայլի համար»,- հայտարարել է Մելոնին Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի վերանայել Թրամփի հետ հարաբերություններում զգալի քաղաքական ռեսուրս ներդնելու իր որոշումը:
Իտալիայի վարչապետն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները կառուցել է՝ ելնելով Արևմուտքի միասնությունը պահպանելու ձգտումից: «Ես արել եմ այդ քաղաքական ներդրումները, որովհետև հավատում եմ Արևմուտքի միասնությանը: Սա այն ռազմավարությունը չէ, որը ես ընտրել եմ Թրամփի գալուստից հետո, այլ մոտեցում է, որին ես հետամուտ եմ եղել իմ բոլոր գործընկերների հետ»,- ասել է նա:
Թրամփի և Մելոնիի միջև առաջին հրապարակային հակամարտությունը տեղի է ունեցել ապրիլին այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետը քննադատել էր նրան Հռոմի Պապի վրա հարձակումների համար՝ Իրանում պատերազմի վերաբերյալ քահայանապետի դիրքորոշման առնչությամբ: Բացի դրանից, մարտին Իտալիան հրաժարվել էր թույլատրել դեպի Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայում:
Մելոնին, որը եվրոպական կառավարությունների միակ ղեկավարն էր, որը ներկա էր գտնվել անցյալ տարի Թրամփի երդմնակալության արարողությանը, նաև չի մեկնաբանել ամերիկյան նախագահի վերջերս կատարած հրապարակումը սոցիալական ցանցերում, որտեղ տեղադրված էր մի լուսանկար, որում նա ներքևից վերև է նայում Թրամփին, հետևյալ մակագրությամբ. «ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՕՐԴԵՐ»:
Միաժամանակ, Իտալիայի վարչապետն ընդունել է, որ Թրամփի հետ հարաբերությունները զարգանում են բարդ ուղղությամբ, սակայն նշել է, որ նրանք պահպանում են ընդհանուր դիրքորոշումներ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միգրացիան և հակազդեցությունը այն ամենին, ինչն ինքն անվանել է «woke-մշակույթ» (խմբ.՝ մշակույթ միգրացիոն հարցերի և որոշ ժամանակակից առաջադեմ սոցիալական միտումների քննադատության վերաբերյալ):
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը հանդես է եկել ավելի հաշտվողական տոնով՝ Մելոնիին անվանելով «հաճելի անձնավորություն», բայց միևնույն ժամանակ կրկին քննադատել է նրան Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններին ոչ բավարար աջակցություն ցուցաբերելու համար, որոնք, ինչպես ակնկալվում է, կարող են վերսկսվել:

