Բոլոր ընդդիմադիրների կոնսոլիդացման վայրն այս պահին այստեղ պետք է լինի. Սուրեն Սուրենյանց
Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:
Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ տոտալ ռեպրեսիաների մասին է խոսքը: Նրա որակմամբ, նման ուժի գռեհիկ ցուցադրությունից հետո լավատեսական սցենար քննարկել անիմաստ է: «Գիտեք, որ ընդդիմադիր դաշտում կա գործընկերություն, Ես կարծում եմ, որ կարող էր ընդդիմադիր իրական կոնսոլիդացիա հենց այստեղ ու այս հարցի շուրջ ձևավորվել, որովհետև ի վերջո մենք կոնսոլիդացիան պատկերացնում ենք քաղաքական դիմադրության տեսքով:
Ստանդարտ իրավիճակում չենք ապրում, և ճիշտ կլինի, որ այդ քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին խոսում ենք, դիմադրության տրամաբանությամբ էլ կայանա, այսինքն՝ հենց նման դեպքերի վրա, ոչ թե կաբինետներում, գրասենյակներում»,- ասաց Սուրենյանցը, շարունակելով, որ ամեն ռեպրեսիային պետք է ուժեղ հակազդեցություն լինի։
Նրա կարծիքով, պարտադիր չէ զանգվածային, միանգամից մեծ հանրահավաք լինի, բայց ներկայումս բոլոր ընդդիմադիրներով միմյանց աջակցության և ներդաշնակ գործողությունների անհրաժեշտություն ունեն:
«Այո՛, ակնկալում ենք, որ բոլորիս կոնսոլիդացիայի վայրն այս պահին այստեղ պիտի լինի, ճիշտ այնպես, ինչպես, եթե մեր որևէ այլ ընդդիմադիր գործընկեր թիրախավորվի, մեր բոլորիս կոնսոլիդացիայի վայրը այդ վայրը պետք է լինի»,- ասաց նա:
Սուրենյանցը տեղեկացրեց, որ հինգշաբթի, ուրբաթ օրերին պարոն Ծառուկյանի հետ ինտենսիվ շփվել է, սցենարն իրենք կանխատեսել էին, այնպես չէ, որ զարմանալի էր:
Նա նաև ասաց, որ քաղաքական գործընթացին հակաքայլերը միայն քաղաքական տեսքով պետք է լինեն:
«Ընդդիմությունը այնպիսի կոնսոլիդացված համակարգ պետք է կարողանա ստեղծել, որ պատժիչ մեքենայի ատամները մաշվեն։ Այսինքն՝ աշխարհում միշտ այսպիսի ավտորիտար իշխանությունները «բեսպրեդել» են անում այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ դիմադրության չեն հանդիպում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

