Մեռանք ասելով. անպայման ադրբեջանցիները պիտի գան, որ ասեք՝ վա՜յ, էս ինչ եղա՞վ. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, անդրադարձավ նաև Պանթուրանական միջանցքին ու «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին։
«Հայաստանում տեղ չկա, որն ադրբեջանցիները չեն համարում իրենց պատմական հողը, բայց երբ սա քաղաքացիներին բացատրում ես, որոշները չեն հավատում: Մեռանք ասելով. անպայման ադրբեջանցիները պիտի գան, որ ասեք՝ վա՜յ, էս ինչ եղա՞վ : Ինչ ուզում եք՝ արեք. Թուրք-ադրբեջանական ծրագրերը ստատիկ ծրագրեր են ու տասնամյակներով առաջ են տարվում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» նույն պանթուրանական միջանցքն է, ուղղակի այն, ինչ չի ասում Էրդողանը, ասում է Դևլեթ Բախչելին՝ առանց դիվանագիտական փաթեթավորումների:
Նա նկատեց՝ Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջան» պետական ծրագիրը:
«Դա միայն «վերադարձը» չէ, Միջանցքն է, տեղանունները, կրոնական հարցերը, հայկական ինքնությունը, ամեն ինչ… Սա Ադրբեջանի նախագահի հովանու ներքո պետական ֆինանսավորմամբ գործող լուրջ կոնցեպտ է, որն առաջ են մղում Հայաստանի այս իշխանությունների հետ»,- ասաց թուրքագետը:

Նա նաև անդրադարձավ Հայաստանի իշխանությունների կողմից «ադրբեջանցիների վերադարձի» ու արցախցիների իրավունքի նունականացմանը, դա համարեց անթույլատրելի և միտումնավոր արվող քայլ:
«Ողջ խորհրդային շրջանում Արցախը կոչվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Հայաստանում Մասիսի կամ Նոյեմբերյանի ինքնավար մարզ եղե՞լ է: Ո՞նց կարելի է արցախցիների՝ Արցախ վերադարձը համեմատել ադրբեջանցիների՝ այստեղ գալու հետ: Կամ, որ մարդ ուզում է գնալ, մի տեղ ապրել, դա անում է ագրեսիայո՞վ: Ադրբեջանցիները մի տեղ որ գնում են, նախ պահանջում են այդ պետությունից՝ դպրոց բացել, հետո՝ մզկիթ բացել, հետո առաջ են գալիս մյուս պահանջները… Հայաստան ադրբեջանցիների գալը նշանակում է փափուկ ուժով Հայաստանի զավթում: Սա երևակայություն չէ, այլ տեսություն: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի մեջ, այսպես կոչված, «վերադարձը» ֆիքսված է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

