Արցախյան հակամարտությունը 1990-ին՝ ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթի դիտանկյունից
2012 թվականի դեկտեմբերի 24-ին գաղտնազերծվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության վերլուծական տեղեկագիրը: Փաստաթուղթը վերաբերում է ԽՍՀՄ-ում ազգային և տարածքային հակամարտություններին:

Գաղտնի փաստաթղթում նշված չէ գրման թվականը և ամիսը, սակայն բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ այն գրվել է 1990 թվականի երկրորդ կեսին, քանի որ փաստաթղթում հիշատակվում են 1990 թվականի հունիս ամսի իրադարձություններ:

Փաստաթղթում խոսվում է ԽՍՀՄ հանրապետությունների միջև տարածքային վեճերի, էթնիկ հակամարտությունների, ինչպես նաև հանրապետությունների միջև սահմանների պատմական պահանջների մասին:

Այս համատեքստում նշվում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի տարածքային խնդիրները: Հատուկ ընդգծվում է, թե այս հակամարտություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության, ինչպես նաև՝ ԽՍՀՄ կայունության վրա: Հատկանշական է, որ առանձնահատուկ նշվում է Արցախի հակամարտությունը և ընդգծվում, որ դա այս պահին ԽՍՀՄ տարածքում միակ միջհանրապետական իրական պատերազմն է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի շուրջ:

1990 թվականին Արցախյան հակամարտությունն արդեն իսկ վերածվեց զինված բախումների: Տարեսկզբին Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը: Արցախում ձևավորվեցին ինքնապաշտպանական և կամավորական ջոկատներ, տեղի ունեցան զինված բախումներ Արցախի տարբեր շրջաններում: Ադրբեջանցիների կողմից գրոհներ տեղի ունեցան Ակնայի և Մարտունու ուղղությամբ: Ակնհայտ էր, որ լայնածավալ պատերազմն անխուսափելի է:
Վերադառնալով գաղտնի փաստաթղթին, նշենք, որ այն ունի հետևյալ գլխագիրը. «Վեճերի տեսակները։ Հիսուն եղանակ՝ սիրելիին լքելու համար», և ենթավերնագիրը.
«Խորհրդային հանրապետությունների միջև և ներսում սահմանային և տարածքային վեճերը բաժանվում են երկու ընդհանուր կատեգորիաներից մեկի կամ երկուսի»:

Ստորև ներկայացնում ենք գաղտնազերծված փաստաթղթի միայն այն հատվածները, որոնք վերաբերում են Արցախի հարցին և Հայաստանին.
«Որոշ դեպքերում այդ «կղզյակները» կազմված են այնպիսի էթնիկ խմբերից, որոնք իրենց ազգային հանրապետությունն ունեն մեկ այլ վայրում։ Երբեմն այդ խմբերն ունեն տեղական վարչական միավորներ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, սակայն ավելի հաճախ՝ չունեն, օրինակ՝ ԽՍՀՄ ամբողջ տարածքում բնակվող ռուսները»:
«Միջհանրապետական տարածքային հակամարտություններից ներկայումս փաստացի ընթացքի մեջ գտնվող միակ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ վեճն է»:

«Էթնիկ խմբեր, որոնք ցանկանում են միավորել իրենց բնակեցրած կամ վերահսկվող տարածքն իրենց նույնազգի հանրապետությանը. օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերը կամ Ուկրաինայում, Էստոնիայում և Ղազախստանում բնակվող որոշ ռուսներ։ Թեև միայն Լեռնային Ղարաբաղի հայերն են աջակցություն ստանում իրենց նույնազգի հանրապետությունից, մյուս խմբերը նույնպես շարունակում են ապակայունացնող գործոն լինել հանրապետությունների քաղաքական կյանքում»:
«Այս պահանջները, որոնք հաճախ նախորդել են էթնիկ բռնություններին կամ դրանց հետևանք են դարձել, դժվար թե վերանան՝ առանց հանրապետությունների կառավարությունների կողմից որոշակի փոխզիջումների։ Դրանք հիմնականում ստալինյան ժամանակաշրջանի հաճախ կամայական և խտրական ազգային քաղաքականության հետևանք են, որի ընթացքում որոշ փոքր ժողովուրդներ հանձնվեցին իրենց պատմական հակառակորդների իշխանությանը, իսկ մյուսներին տրվեց անհամաչափ մեծ տարածքների վարչական վերահսկողություն։
Արդյունքում՝ կուտակված դժգոհությունները, որոնք հաճախ խորացել են պատմական թշնամանքների ազդեցությամբ, մի շարք հանրապետություններում, հատկապես՝ Մոլդովայում և Վրաստանում, ստեղծել են իրավիճակ, երբ փոքր ազգային խմբերը պնդում են, որ չեն կարող արդար վերաբերմունք ստանալ, քանի դեռ գտնվում են տվյալ հանրապետության իշխանությունների վերահսկողության ներքո։ Այդ խմբերից շատերը հայտարարել են, որ եթե համապատասխան հանրապետությունները փորձեն դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իրենք կձգտեն առանձնանալ այդ հանրապետություններից»: (Տես՝ THE TYPES OF DISPUTES: FIFTY WAYS TO LEAVE YOUR LOVER):

Գաղտնի փաստաթուղթը ներկայացնում է, թե ազգային-տարածքային ինչ խնդիրներ, հակամարտություններ կային ԽՍՀՄ հանրապետությունների միջև 1990 թվականին: Այս համատեքստում հատուկ նշվում է Արցախի հարցը և ընդգծվում, որ առաջիկայում լայնածավալ պատերազմն անխուսափելի է:
Հետաքրքրական է այն, որ փաստաթղթում նշվում է, որ նմանատիպ հակամարտությունների լուծման միակ տարբերակը քաղաքական փոխզիջումն է:
2020 և 2023 թվականներին պարզ դարձավ, որ ՀՀ այդ ժամանակաշրջանի և ներկայիս իշխանություններն ընտրեցին Արցախի ոչնչացման հենց վերոնշյալ տարբերակը:

Զ. Շուշեցի

