Առանց խաղաղության ոչ մի փոփոխություն հնարավոր չէ․ ՀՀ-ն առաջատարն է Կովկասում կայուն զարգացման առումով․ ՄԱԿ
ՄԱԿ-ի 2026 թվականի «Կայուն զարգացման զեկույց»-ի համաձայն՝ Կովկասում Հայաստանն ամենաբարձր վարկանիշ ունեցող պետությունն է՝ 47-րդ տեղ, որին հաջորդում են Ադրբեջանը (52-րդ) և Վրաստանը (61-րդ)․ հայտնում է eurasianet.org-ը։
ՄԱԿ-ի զեկույցը գովաբանել է Հայաստանին անհավասարության նվազեցման նպատակին հասնելու համար՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով երկրում շրջակա միջավայրի վիճակի վատթարացման վերաբերյալ։
Զեկույցում նշվում է, որ սահմանված նպատակները, որոնք սկզբնապես նախատեսված էին մինչև 2030 թվականը, այդ ժամկետում չեն իրականացվի։
«Նպատակները խիստ հավակնոտ են և չեն իրականացվի։ … Այնուամենայնիվ, դրանք խթանել են գործողություններ և ոգեշնչել կառավարություններին դիմակայել մեծ և բարդ մարտահրավերների», – նշվում է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ վերջին տասնամյակում քաղված գլխավոր դասն այն է, որ խաղաղությունը կայուն զարգացման նախապայմանն է։
«Առանց խաղաղության ոչ մի այլ փոփոխություն հնարավոր չէ», – նշվում է զեկույցում։
«Պատերազմը ոչնչացնում է ենթակառուցվածքները, տեղահանում բնակչությանը, շեղում ռեսուրսները, թուլացնում և քայքայում է այն ինստիտուտները, որոնց միջոցով իրականացվում է փոխակերպումը։ Այն թունավորում է քաղաքական հարաբերությունները, որոնց միջով պետք է ընթանա համագործակցությունը: Պատերազմը խաթարում է այն բարոյական ճարտարապետությունը, որի վրա հիմնված են կայուն զարգացման նպատակները»,-նշվում է զեկույցում:

