Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է
Գնդապետ Էդիկ Մալոյանը ևս կալանավորվել է 2 ամսով։ Հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր գնդապետ Էդիկ Մալոյանը։
Հիշեցնենք, որ գնդապետ Մալոյանը հայտնի դարձավ հանրությանն Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Այդ ժամանակ նա պարգևատրվեց Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։
Ավելի վաղ կալանավորվել էր նաև Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։
Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

