Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ չկա խոսքի, խղճի ազատություն, անմեղության կանխավարկած. Ստեփան Դանիելյան
Այս պահին Երևանում «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում:
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկարները։
Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է անցկացվեր ՀՀ կառավարության շենքի մետ, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, սակայն ոստիկանությունը խանգարում է նրանց առաջ շարժվելուն:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։ Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք գոռում են «Ազատություն քաղբանտարկյալներին»։
«Մենք ապրում ենք սահմանադրական ազատություններից զուրկ երկրում։ Գործող վարչապետը խոստանում է սնանկացնել մարդկանց, դատարանները զրկում են մարդկանց խոսքի ազատությունից, վարչապետն է որոշում, թե մարդիկ ինչի են հավատում և այլն։ Մեր երկիրը բռնապետություն է, որն ունի իր հովանավորները, և նրանցից մեկը Ուրսուլա ֆոն դեր Լյայենն է, որն այժմ գտնվում է Երևանում… Եվրամիությունը, որն իրեն դեմոկրատ է անվանում, ոչնչացնում է ժողովրդավարության վերջին մնացորդները Հայաստանում՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար», – ասաց քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Ստեփան Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները արդեն նամակ են ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, ներկայացնելով իրենց պահանջները։
Նշենք, որ ակցիան կազմակերպել են «ՀայաՔվե» միավորումն ու «Մայր Հայաստան» կուսակցությունը։


