ՀՀ-ն բախվում է տնտեսական ճնշման ՌԴ-ից, կարող եք ապավինել ԵՄ-ի աջակցությանը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական միությունը Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրո կհատկացնի առևտրային կարողությունները զարգացնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարաեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն։ Այս 18 միլիոնը վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին»,- ասաց նա։
Լյայենի խոսքով` Եվրոպական միության կողմից առաջարկվող Ինքնավար առևտրային միջոցները (ATMs- Autonomous Trade Measures) նոր և լայն հնարավորություններ են բացում Հայաստանի տնտեսության ու արտահանողների համար։ Ըստ նրա` այս քայլն ուղղված է հայկական արտադրանքի մուտքը ԵՄ միասնական շուկա դյուրացնելուն և մաքսատուրքերի էական կրճատմանը:
«Այս միջոցների շնորհիվ կազատականացվի Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը: Սա նշանակում է, որ այդ ապրանքատեսակներն այլևս ենթակա չեն լինի մաքսային սակագների ու տուրքերի կիրառման, ինչը հայկական արտադրանքը կդարձնի առավել մրցունակ եվրոպական շուկայում: Հայաստանի արտադրողները հնարավորություն կստանան վերակողմնորոշել և վերաուղղորդել իրենց այն արտադրանքը, որը ներկայումս հիմնականում սպառվում է ռուսական շուկայում։
Այդ ապրանքները կարող են ուղղվել դեպի ԵՄ միասնական շուկա, որն ունի ավելի քան 400 միլիոն սպառող: Այս կարգավորումը գրեթե ամբողջությամբ բացում է Եվրամիության դռները հայկական ագրոպարենային և խմիչքների արտադրության ոլորտի համար. թարմ գյուղմթերք, բանջարեղեն և մրգի 99 տոկոս կարտահանվի, 90 տոկոս էլ խմիչքներ և ոգելից խմիչքներ»,- շարունակեց Լյայենը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում էլ, ինչպես Բաքվում, խոսեց «Գլոբալ դարպասներ» փաթեթի կարևորության և տրամադրվող 200 միլիոն եվրոյի մասին` շեշտելով, որ ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ են մինչև 2 միլիարդ եվրո տրամադրել՝ խթանելու ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային նախագծերի համար ամբողջ Հարավային Կովկասում։

