Գնորդը ստիպված կլինի 50 մլն եվրո վճարել Մխիթարյանի համար
Հենրիկ Մխիթարյանի տեղափոխության հարցը կարող է վճռել միայն Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ահմետովը: Ըստ ‹‹Փաստինֆոյի»՝ այս մասին ИТАР-ТАСС-ին հայտարարել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը:
«Մարդիկ կարծես տեղյակ չեն Հենրիկի պայմանագրի կետերից մեկի մասին: Ակումբից ինքնական հեռանալու դեպքում նա պետք է 30 միլիոն եվրո վճարի, սակայն իրավաբանական նրբությունը կայանում է նրանում, որ այդ գումարը պաշտոնապես պետք է լինի Մխիթարյանի մոտ: Իսկ եթե ակումբը տրամադրում է նրան այդ գումարը, ապա ֆուտբոլիստը պետք է շուրջ 20 միլիոնի հարկ վճարի: Հանրագումարում Մխիթարյանի արժեքը կկազմի շուրջ 50 մլն եվրո: Այնպես որ ցանկացած պարագայում ամեն ինչ վճռելու է Ահմետովը: Իսկ տարեսկզբին խաղացողի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի պնդումները, թե ինքը 15 միլիոնով Մխիթարյանին կտանի «Շախտյորից»՝ ընդամենը հեքիաթ է: Հիմա գումարը կրկնակի մեծ է: Գտնում եմ, որ Հենրիկը սխալվել է այն մարդկանց հարցում, ում վստահել է իր գործերը: Նա երեք իրական առաջարկ ունի տարբեր թիմերից: Կարծում եմ, վերջնարդյունքում նրան գնել ցանկացող ակումբները ստիպված կլինեն համաձայնել Ահմետովի ներկայացրած պահանջներին»,-նշել է Սելյուկը:
Հիշեցնենք, որ նախօրեին տարածված իրարամերժ տեղեկությունների համաձայն՝ հայ կիսապաշտպանը Լոնդոնում բանակցում է «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ բանակցություններին ներգրավվել է Դորտմունդի «Բորուսիան», որը նրա համար առաջարկել է 30 մլն եվրո: