Սյունիքում մեկնարկել են՝ «Սեր, ուժ, կամք, հավատք և միասնականություն» խորագրով «Դավիթբեկյան խաղերը»
Սյունիքի մարզում հերթական կարևոր իրադարձությունն է ընթանում. հունիսի 29-ին մեկնարկել է «Դավիթբեկյան խաղերը», որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը։ 2022 թվականին խաղերին մասնակցում էր 8 թիմ, իսկ այսօր արդեն 23 թիմեր են մրցում՝ Տավուշից մինչև Կոտայք, Գեղարքունիքից մինչև Վայոց ձոր։
Այս տարի էլ խաղերին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի ներկայացուցիչները, իսկ այս տարվա կարևոր նորություններից մեկն այն է, որ «Դավիթբեկյան խաղերին» միացել են նաև Սփյուռքից ժամանած երկու թիմեր՝ ավելի ամրապնդելով հայրենիքի և աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապը։

Առաջին անգամ «Դավիթբեկյան խաղերն» անցկացվել են 2022 թվականին, որը նվիրված էր Դավիթբեկյան ապստամբության 300-ամյակին, դրանից հետո այն դարձել է ամենամյա, որին մասնակցում են 14-17 տարեկան երիտասարդներն ու պատանիները։
«Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը խոսելով խաղերի մասին՝ նախ ասաց, որ նման կարևոր նշանակության խաղերի անցկացումը հնարավոր է դարձել Սյունյաց աշխարհի մեծ սիրահար Արմեն Ղազարյանի շնորհիվ, ով այն գաղափարի կրողն է, որ Սյունիքը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվող կարևոր մի հանգույց, և եթե ճանապարհի սկզբնական ու վերջնական կետերը հաշվարկում են, ապա Սյունիքը հայտնվում է աշխարհի կենտրոնում։ Հետևաբար՝ պետք էր հնարավոր բոլոր միջոցներով Սյունիքի կարևորությունը հանրահռչակել։
«Հենց այս գաղափարի շրջանակում էլ ստեղծվեց «Դավիթբեկյան խաղեր» հասարակական կազմակերպությունը և կազմակերպությունն էլ նախաձեռնեց այս խաղերը։ Սա միայն մրցույթ-փառատոն չէ, այն ունի իր մշակութային բաղադրատարրը, որպեսզի երիտասարդները գան ու մրցեն միմյանց հետ, այլև այդ մրցակցային ոգուց դուրս ձևավորեն ընկերական միջավայր, և ՀՀ տարբեր վայրերից Սյունիքում հավաքված երիտասարդների միջև ընկերական, մարդկային հարաբերություններ ձևավորեն։ Այստեղ խոսքը վերաբերում է միևնույն արժեքները կիսող երիտասարդներին ու պատանիներին, օրինակ՝ առողջ ապրելակերպ, ազգային կրթություն, մշակույթ։ Խաղերի ամբողջ միտքը նման միջավայրի ձևավորումն է, նաև երիտասարդներին ևս մեկ հնարավորություն տալը՝ հայրենաճանաչության ոլորտում բացահայտել գողտրիկ անկյուն՝ Սյունիքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Աթանեսյանը։

Եթե 2022 թվականին խաղերը մեկնարկել էին 8 թիմի մասնակցությամբ, ապա այս տարի արդեն մրցում են 23 թիմեր։ Խաղերի առանձնահատկությունն այն է, որ այստեղ անհատական հաղթողներ չկան։ Բոլոր մրցույթները կառուցված են թիմային աշխատանքի վրա՝ միասին մտածելու, իրար վստահելու և մեկ նպատակով առաջ շարժվելու գաղափարով։
Ըստ Էդուարդ Աթանեսյանի, սկզբնական շրջանում «Դավիթբեկյան խաղերին» մասնակցում էին հիմնականում Սյունիքում ձևավորված թիմերը և Երևանից «Զարկ» ծրագրի թիմը, սակայն կազմակերպիչները նպատակ են ունեցել ամեն ինչ անելու, որպեսզի խաղերը դառնան համահայկական միջոցառում, որին կկարողանան մասնակցել նաև սփյուռքի հայ երիտասարդները, այսօր արդեն կազմակերպիչները հասել են իրենց նպատակին։

«Այսօր մենք հաղթահարել ենք 2 տասնյակից ավելի թիմեր ունենալու շեմը՝ ունենք 23 թիմ։ Ուրախալին այն է, որ սփյուռքից երկու թիմ է մասնակցում խաղերին, հիմնականում ՌԴ-ից, մեր հայրենակիցները գալիս են՝ հայրենի, հայկական հողում շփվում իրենց հասակակիցների հետ։ Նախորդ տարի կրկին սփյուռքից թիմ ունեինք, նրանք դժվարությամբ հեռացան՝վերադառնալու ակնկալիքով։ Այս խաղերը մեծ հնարավորություն է մեր այդ երիտասարդների համար, հայրենաճանաչությունը զարգացնելու, բնականաբար, նաև իրենց մարզական ու ինտելեկտուալ հմտությունները ցույց տալու համար։
Այս տարի մրցույթ-փառատոնն անցկացվելու է 4 փուլերով, այսինքն՝ 3 փուլ և եզրափակիչ, ամեն փուլում մրցող թիմերը, որոնք հավաքելու են առավելագույն միավորներ, անցնելու են եզրափակիչ փուլ և մրցելու են եզրափակիչ փուլում»,- շեշտեց Էդուարդ Աթանեսյանը։

Այս խաղերը միայն սպորտի մասին չեն, այլ կազմակերպիչներն ամեն ինչ մտածել են, որպեսզի սպորտային պատրաստվածությունից զատ, երիտասարդները կարողանան զարգացնել իրենց տրամաբանությունը, գիտելիքները մշակույթի, ազգային արժեքների վերաբերյալ, որը նրանց հետ մնալու է ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ այդ գիտելիքները երիտասարդներն ու պատանիները ստանում են իրենց ուսուցիչների, մարզիչների ջանքերի շնորհիվ։
Մեր զրուցակիցը խաղերը բացելու ու անցկացնելու ամբողջ մանրամասները չի բացահայտում, ասում է՝ «ինտրիգը պետք է պահել», սակայն շեշտում է, որ տարեցտարի պետք է բարձրացվի խաղերի բովանդակության ու անցկացման նշաձողը։
«Մենք որոշեցինք, որ հիմնական մեծ արարողությունը մենք կանցկացնենք եզրափակիչ փուլում, հետագայում գուցե խաղերի բացումն ավելի մասշտաբային անել՝ ներգրավվելով ոչ միայն մեր մասնակիցներին, այլև սերտ համագործակցել Կապանի համայնքապետարանի հետ։ Փորձում ենք մեկ քայլ առաջ գնալ ու ավելի ընդլայնվել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա խոստովանում է, որ խաղերին ամենաակտիվ թիմը սովորաբար Սյունիքը ներկայացնող թիմն է։
«Այս տարի խաղերի խորագիրն է՝ «Սեր, ուժ, կամք, հավատք և միասնականություն», սա այն որակներն ու գաղափարն է, որոնք մենք ձգտում ենք զարգացնել երիտասարդների ու պատանիների մեջ։ Մրցույթ-փառատոնը ոչ միայն թիմային մրցման հարթակ է, այլև որպես անհատներ՝ այդ որակները պետք է զարգացնեն իրենց մեջ»,- ընդգծեց Էդուարդ Աթանեսյանը։

