Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Ռումինիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը շոգի պատճառով եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել Բուխարեստում և 35 վարչական տարածաշրջաններում։ Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը:
Ըստ օդերևութաբանական ծառայության՝ կգրանցվի առավելագույն բարձր ջերմաստիճան, որը համեմատելի կլինի հունիսի բացարձակ ռեկորդի հետ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-41 աստիճան, իսկ ամենաբարձր ցուցանիշները կլինեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բանատում և Կրիշանայում։ Գիշերն օդի ջերմաստիճանը կիջնի մինչև 17-25 աստիճան։
Եվրոպայում շարունակվող շոգն ամենասաստիկներից մեկն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, իշխանությունները հայտարարում են եղանակային վտանգի կարմիր մակարդակներ, փակում են դպրոցները, սահմանափակում են զանգվածային միջոցառումների անցկացումը և բնակիչներին կոչ են անում հնարավորինս քիչ գտնվել արևի տակ։ Գրանցվում են տրանսպորտի աշխատանքի ընդհատումներ, օդի որակի վատթարացում և դժբախտ պատահարների ու մահվան դեպքերի թվի աճ:

