Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան
Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն այլևս չի գործում, մարդկանց համընդհանուր սահմանադրական իրավունքները չեն գործում։ Կան դեպքեր, երբ մարդուն դատարանով արգելում են խոսել։ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված չէ, և վտանգավոր է, երբ Փաշինյանն ասում է՝ սրան կունեզրկեմ, նրան «բոմժ» կսարքեմ։ Այն երկիրը, որտեղ սեփականության իրավունքը չի գործում, ապագա չունի, ոչ մի մասնավոր ներդրում Հայաստանում չի լինի, ոչ մի գործարար վստահություն չի ունենա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հայաստանում դատական համակարգը չի գործում։ Ժամանակին Փաշինյանը հրահանգում էր դատարանները շրջափակել և դատավորներին հետապնդել, հիմա ասում է՝ իրենք կգնան այն դատավորների հետևից, որոնք, իր կարծիքով՝ սխալ կդատեն։ Չի գործում խղճի ազատությունը։ Իշխանությունն է որոշում, թե ով պետք է լինի կաթողիկոս, և կաթողիկոսին անունով են դիմում։ Փաշինյանն ասում է՝ եթե ինձնից դժգոհ եք, հեղափոխություն արեք, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մարդկանց բոլոր իրավունքները խախտված են, և այդ իրավունքները շարունակում են խախտվել»,- ասաց քաղաքագետը։
«Փաշինյանն առաջին հերթին մտածում է ցանկացած եղանակով վերարտադրվելու մասին, որովհետև գիտի՝ եթե իշխանությունը փոխվի, իր առաջ բազմաթիվ հանցագործություններ են դրվելու։ Ամեն ամիսն իր համար կյանքի հարց է։ Փաշինյանին ձայն տված անձինք են իր դեմ դուրս գալու, որովհետև այս տնտեսական փուչիկները պայթելու են։ Օրինակ, ընտրակաշառքի տեսքով թոշակների բարձրացումը բյուջեում չկա, առողջապահության ապահովագրությունն արդեն չեն կարողանում ձգել, արտահանման արգելքը դեպի Ռուսաստան շարունակվելու է։ Դա բերելու է մի վիճակի, որ շուտով մեզ մոտ սոցիալական ծանր խնդիրներ են լինելու»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը հասկանում է, որ պայթյուն է լինելու, և ուզում է վախի մթնոլորտով այդ պայթյունն ինչ-որ կերպ կառավարել և երկարաձգել ժամանակը. «Փաշինյանն իր ընդդիմախոսների մի զգալի հատվածին մեղադրում է լրտեսության և դավաճանության համար։ Այդ անձնավորությունն ասում է, թե ընդդիմությունը գործակալական ցանց է՝ դրա համար մեղադրելով Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, նաև՝ կաթողիկոսին և սրբազաններին։ Երբ բոլոր ազատություններից զրկում են, դա տոտալիտար համակարգի բնութագրիչ է։
Եթե մարդու ազատությունները չեն գործում, դատական համակարգն անկախ չէ, բոլորին ձերբակալում ու լռեցնում են, դա դասագրքային տոտալիտար համակարգ է։ Տոտալիտար համակարգերում ո՞րն է հիմնական մեղադրանքը՝ այն, որ հանրության մի զգալի հատվածի մեղադրում են պետական դավաճանության կամ օտարերկրյա լրտեսության համար։ Այդպես էր Ֆրանկոյի Իսպանիայում, Խորհրդային Միությունում, Հիտլերյան Գերմանիայում»:
«Սրանք ասում են՝ Ռուսաստանն է թշնամի, ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանը, և այդ թշնամի երկիրն այստեղ լրտեսներ է պահում, մենք էլ նրանց ձերբակալում ենք, որ Հայաստանը լինի ինքնիշխան և մտնի Ադրբեջանի տակ, տարածքները հանձնի Թուրքիային և Ադրբեջանին։ Ընդդիմությանն էլ ճնշում են այնպես, որ այն չունենա ռեսուրսներ։ Եթե որևէ գործարար ընդդիմությանն աջակցի, ինչպես աջակցում են ՔՊ-ին իրենց «Իմ քայլը» հիմնադրամով, նա կձերբակալվի և կունեզրկվի»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

