Թուրքիայում հերքել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Անկարայում պարետային ժամ սահմանելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է հուլիսի 7–8-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Անկարայում ենթադրաբար պարետային ժամ սահմանելու մասին լուրերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցերում տարածվող պնդումները երկօրյա պարետային ժամի մասին կեղծ են։ Ընդգծվում է, որ գագաթնաժողովի կապակցությամբ մայրաքաղաքում նման բնույթի որևէ սահմանափակում չի մտցվել։
Իշխանությունները հայտնել են նաև, որ իրավական միջոցներ են ձեռնարկում նմանատիպ հաղորդագրությունների տարածման փաստերով, որոնք, ըստ նրանց, նպատակ ունեն բնակչության շրջանում խուճապ և ապատեղեկատվություն առաջացնել։
Միաժամանակ, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։ Հաղորդվում է, որ կարգուկանոնի ապահովմանը կներգրավվի շուրջ 70 հազար իրավապահ։ Քաղաքում ժամանակավորապես կփակվի ավելի քան 30 փողոց, իսկ մի շարք առանցքային մայրուղիներում կսահմանվի խիստ վերահսկողություն՝ գագաթնաժողովի մասնակիցների պատվիրակությունների և շարասյուների տեղաշարժի կապակցությամբ։

