Եթե ընդդիմությունն ուզում է իշխանությանը բոքսի տանձիկ սարքի, այդ դիրքում դիրքավորվե՞նք՝ ոչ. Փաշինյան
Օրերս Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը խոսել է Միջին միջանցքում Թուրքիայի դերի մասին և հայտարարել, որ չի պատկերացնում ուժեղ «Միջին միջանցք», և սրա համատեքստում թվային, էներգետիկ և առևտրային հարաբերություններ՝ առանց Թուրքիայի ուժեղ մասնակցության:
Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս հայտարարությանը, և Հայաստանի՝ «Միջին միջանցք»-ում ընդգրկվելու հնարավորությանը, հատկապես, երբ այն նաև անցնելու է Վրաստանով և Ադրբեջանով:
«ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանը բոլոր ռեգիոնալ ծրագրերին ինտեգրվելու է, ընդ որում, այդ ծրագրերը մրցակից չեն, և ԹՐԻՓՓ-ն էլ կարող է լինել և՛ «Միջին միջանցք»-ի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս: Ինչի՞ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետև հոսքերն իրականում էնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղիով հնարավոր չէ դրանք սպասարկել, էդ հոսքերի համար հենց Հարավային Կովկասով մի քանի ուղի է պետք: Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները մտածեն Հարավային Կովկասի մասին՝ որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան՝ բազմաթիվ նրբություններով»,- նշել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին Հայաստան, նա մանրամասնել է, որ նրա այցի օրակարգային հարցերից մեկը լինելու է ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական Միություն ապահովելու հնարավորությունը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցին չի անտեսել նաև ընդդիմության՝ խորհրդարանում «բոքսի տանձիկ» դառնալ-չդառնալու խոսակցությունները:
«Վաղուց հասունացել է ժամանակը, որ մենք անդրադառնանք մեր քաղաքական խոսույթներին: Եթե անընդհատ այդ խոսույթը ցանկացածի դեմ օգտագործեն, մեկ ա, մի օր էդ պայթյունը տեղի է ունենալու, մյուս կողմից՝ դա չի կարա միակողմանի լինել: Այսինքն, եթե ընդդիմությունն ուզում ա իշխանությանը «բոքսի տանձիկ» սարքի, իշխանությունն ասի՝ լավ, դե որ ընդդիմությունը տենց ա ուզում, ուրեմն մենք էդ դիրքում կդիրքավորվենք, չէ՛, չի լինի»,- շեշտել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում

