«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը պետք է դառնա Հայաստանի հետ խաղաղության գործընթացում քննարկումների մաս․ Ալեքբերլի
«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը»,- այսօր Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը։
«Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին»,- պնդել է Ալեքբերլին՝ հավելելով, թե Արևմտյան Ադրբեջանի համայնքը, «հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները»։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները»,- ասել է կազմակերպության ղեկավարը, ով նաև Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է։
Օրեր առաջ նույն թեմայով երկօրյա համաժողով էր անցկացվել Նախիջևանում, իսկ այսօր էլ քննարկում է նախատեսված ԱՄՆ Կոնգրեսում։
Պաշտոնական Երևանը պնդում է, որ նման հարց Բաքվի հետ չի քննարկվել ու չի քննարկվելու։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում «Հայաստանի պետական շահերի դեմ գործելու» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մղելու փորձերի» համար։

