«Իրենք իրենց չեն կարող պատժել. եթե լիներ անկաշկանդ քննություն, այնպիսի մարդիկ կգնային «փուռը», որ չէին էլ պատկերացնի». Արսեն Ղուկասյան

Արդեն երկու տարի է՝ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, սակայն անհետ կորած և պատերազմում նահատակված տղաների ծնողներն ու հարազատներն այդ զեկույցին հասանելիություն չունեն։ Մի քանի անգամ անհետ կորած և նահատակված տղաների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի դիմաց, սակայն նրանք մինչև օրս չեն կարողանում ծանոթանալ զեկույցին։

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, որքանո՞վ է իրատեսական, որ այդ զեկույցը հասանելի կդառնա ծնողներին, որպեսզի, ի վերջո, հասկանան՝ այդ զեկույցն արդյո՞ք տալիս է իրենց հարցերի պատասխանները։

Արսեն Ղուկասյանը, ով Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ղուկասյանի եղբայրն է և նրա որդու՝ անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, 168.amհետ զրույցում ասաց՝ որպես այդպիսին՝ այդ զեկույցը գոյություն չունի։

«Որևէ բան չեն արել, ուղղակի այսքան տարի իրենք մարդկանց խաբել են, թե իբր՝ հույսով եղեք, մեղավորին կգտնենք։ Բայց մարդիկ չեն կարող պատժել իրենք իրենց, եթե այդ ամենը լիներ անկաշկանդ քննություն, այստեղ այնպիսի մարդիկ կգնային «փուռը», որ չէին էլ պատկերացնի։ Այս մարդիկ իրենց այս քայլով ապացուցեցին՝ իրենք իրենց չեն կարող պատժել, եթե իշխանություն եք ու կեղտոտ չեք ու այնպիսի քննություն եք կատարել, որ պարզվեն իրական հանցագործները, ուրեմն՝ պետք է հրապարակեք զեկույցը, եթե չեք հրապարակում, ուրեմն՝ այդ ամենի մեջ դուք եք։ Չե՞ն հրապարակում, ուրեմն ապացուցում են, որ կեղտոտ են, դրա մեջ մաքուր չեն, ապացուցելու բան չկա։

Կարդացեք նաև

Եթե Քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակեն՝ լիքը մարդիկ իրենց գլուխը կկորցնեն։ Դրա համար էլ ստորավարի ասում են՝ «մենք ձեզ բան չունենք ասելու», այսպես են վերաբերվում մեր ծնողների հետ»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց,որ 2 ամիս է՝ փորձում են հանդիպում ունենալ «երկրի նախագահ կոչեցյալի հետ», լսել նրա կարծիքը, թե որպես ՀՀ նախագահ՝ ի՞նչ կարծիք ունի տեղի ունեցողի վերաբերյալ։ Հանդիպման համար քաղաքացիների ընդունելության կարգով գրանցվել են, սակայն 2 ամիս է՝ որևէ արձագանք չկա։

«Ակնհայտ է, որ իրենք մեզանից ուղղակի խուսափում են, ուզում եմ հասկանալ դրա պատճառը, եթե մաքուր ու արդար է, թող կանգնի, ուղիղ ասի՝ այսպես է կամ այնպես։

Այս ամբողջ շոուն իրենք կազմակերպել են ժողովրդին պառակտելու համար։ Միշտ ասել եմ՝ իրենց ամենամեծ սարսափը եղել են զոհվածների ու անհետ կորածների ծնողները, իրենք ուզում էին «տրաքացնել» ծնողների խումբն ու այնպես արեցին, որ, անկեղծ, այս ամենը վերականգնել դժվար թե լինի։ Իշխանությունը ոչ միայն «տրաքացրեց» ծնողների խմբին, այլև ամբողջ երկրի բնակչությանը։ Լավ, մեր ծնողներին մի կողմ դնենք, դուք մի հատ մեր ազգի վիճակը նայեք, պատրաստ են մեկը մյուսի փորը թափելու։ Հատուկ են անում, որ այս ազգին պառակտեն ու հասցնեն այն վիճակին, որ, թող ինձ ներեն մեր հայրենակիցները, սարքեն ցիրկի վարժեցրած շուն»,- հավելեց Արսեն Ղուկասյանը։

Նա հիշեցրեց օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով նա դիմում էր ընդդիմությանը, հանրությանը, որ եթե համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, կարող են դուրս գալ փողոց։ Արսեն Ղուկասյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը մարդկանց փողոց է հանում, որպեսզի իրար դեմ պայքարեն։

«Մարտի 1-ին էլ էր, չէ՞, այս նույն մարդն ասում, որ «հոգին փառավորվում է, որ տեսնում է նման լարված իրավիճակ», այս մարդը հաճույք է ստանում, երբ տեսնում է՝  հայը հայի դեմ է դուրս եկել, հայի մեռնելուց բավարարվում է։

Ուզում է ասի՝ «արա, այդքան տղամարդկություն ունեք, դուրս եկեք փողոց», ուզում է հայերին իրար դեմ հանի, հայն էլ պետք է հասկանա, որ իր եղբոր վրա ձեռք չպետք է բարձրացնի հանուն ինչ-որ մեկի։

Ասում է՝ «Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը զոհերն ու զոհողություններն են», այսինքն՝ ամենամեծ ձեռքբերումը 5000 զոհված տղանե՞րն են, ինչպե՞ս, Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը սա՞ է, այս քաո՞սը, այսքան ոչնչացված ճակատագրերն ու տնե՞րը։ Հիմա էլ ընդդիմությանն է կանչում փողոց, «քսի» է տալիս, որ իր կողմնակիցներին էլ հանի փողոց ու ասի՝ «փրթեք» իրար, իսկ ինքը նայի ու հաճույք ստանա։ Այս ամենը գրված է իր գրքում, կարդացեք ու համեմատեք այսօրվա իրականության հետ։ Վերջերս տեսաք՝ մորս հետ ինչ արեցին, մայրս ողբում էր, կողքին  նրա կողմնակիցները գոռում են՝ «տաշի»»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հային սարքել հայի թշնամին, բաժանել ազգին, այնպես արեց, որ ժողովուրդն իրար ատի։ Այս իրավիճակում ամեն մարդ պետք է ինքն իրեն հարգի, պահպանի իր արժեքը, և Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի նման բաներ անել։

«Հայը հային ասում է՝ «այս ազգն ինչ կեղտոտ ազգ է», այսօր մեր արժեքը գցում ենք, եկեք ինքներս մեզ հարգենք ու մեր արժեքը չգցենք։ Ով իմ մոտ հային բան ասի, պատասխանը կստանա, բա ես, իմ որդին, իմ ծնողը հայ չե՞ն։ Մեր ազգը հիվանդացել է, եկեք բուժենք, չարորակ ուռուցքն ինչպե՞ս են բուժում, կտրում ու հեռացնում են, եթե ուզում են այդ օրգանիզմը բուժել։ Անգամ ամենավերջին փուլում գտնվող հիվանդ մարդը պայքարում է, որ բուժվի, բայց մեր ազգն արդեն հուսահատվել է, թե՝ ի՞նչ անենք։

Դուք ինչքան կարողանում եք՝ գրեք ու խոսեք, թող մարդիկ կարդան, տեղեկանան»,- ընդգծեց  Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 44-օրյա պատերազմում թոռանն ու որդուն կորցած մեծահասակ կինը՝ Մարիամ Վարդանյանը, փորձում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին՝ ձեռքին սև սրտաձև առարկայով, որպեսզի ինչ մտածում էր նրա մասին՝ ասեր, սակայն նրան հեռացրեցին ոստիկանները ու մի կողմ տարան։ Հետո լրագրողներից մեկի հետ զրույցում մեծահասակ կինն ասաց, որ իր երեխաները «երկու-երկու զոհվել են»՝ տղան զոհվել է, թոռն անհետ կորած է համարվում։

Ի դեպ, այդ ընթացքում, երբ կինն աղերսագին լացում էր, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մասնակից կանանցից մի քանիսը կարեկցելու փոխարեն՝ ասում էին. «Տեսնես ինչքա՞ն են վճարել»։

Մարիամ Վարդանյանն Արսեն Ղուկասյանի մայրն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930