Լևոն Զուրաբյան. Հայաստանը դրժել է իր խոստումը՝ Մարտի 1-ի հանցագործությունները քննելու հարցում
Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երկրորդ օրը՝ ազատ քննարկումների ժամին ելույթ ունենալու համար հերթագրվել էր նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Սակայն, ըստ ilur.am-ի՝ ելույթը հնչեցնելու համար Լ. Զուրաբյանին հերթ չի հասել, բայց նրա ելույթը պաշտոնապես մուտքագրվել է քարտուղարություն: Կայքը ներկայացրել է Լ. Զուրաբյանի ելույթի տեքստն ամբողջությամբ, որտեղ վերջինս նշել էր, թե Հայաստանը դրժել է իր խոստումը՝ Մարտի 1-ի հանցագործությունները քննելու հարցում:
«Հայաստանում ընտրությունները պարբերաբար կեղծվում են. ուռճացված ընտրացուցակները և քվեարկողների պաշտոնական թիվը խիստ հակասության մեջ են երկրի ժողովրդագրական ցուցանիշների հետ, եւ ընտրությունները վերածվում են ընրողների պետականորեն կազմակերպված կաշառման եւ ապօրինի բազմակի քվեարկության գործընթացի:
Արդյունքում խախտվել է պետական մարմինների և ընտրությունների հանդեպ վստահությունը: Այլ ընտրություն չունենալով, հայ ժողովուրդը ոտքի է ելնում ընդդեմ կեղծված ընտրությունների և դուրս է գալիս Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցները՝ մի քանի շաբաթյա ցույցեր անցկացնելով վերջին 3 նախագահական ընտրություններից հետո. 2003-ին, 2008-ին եւ 2013-ին:
2008-ին կառավարական ուժային կառույցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, եւ ապա մահաբեր ուժ են կիրառել՝ ցույցերը ճնշելու համար: 10 մարդ է սպանվել, հարյուրավորները՝ վիրավորվել, ընդդիմության տասնյակ լիդերներ եւ ակտիվիստներ տարիներ են անցկացրել բանտերում:
ԵԽԽՎ-ի բազմաթիվ բանաձեւերով եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հայտարարությամբ կոչ էր արվել պատշաճորեն քննել սպանությունները եւ պատասխանատվության ենթարկել ցուցարարների վրա կրակողներին եւ նրանց կազմակերպողներին, ինչպես նաեւ հայտնաբերել ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու հրաման արձակողների ողջ շղթան: Այդուհանդերձ, հայաստանյան իշխանությունները արհամարհել են թափանցիկ, օբեկտիվ եւ արդյունավետ քննություն անցկացնելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Առայսօր, հինգ տարի անց, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանությունների համար եւ հանցագործությունը մնում է անպատիժ»,- ասված է Լ. Զուրաբյանի հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ ընդդիմությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի պետական մարմինները հավուր պատշաճի քննեն սպանությունները եւ պատժեն քննչական մարմիններում աշխատող այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են մարտիմեկյան գործերի քննության ժամանակ Քրեադատավարական օրենսգրքի լուրջ խախտումների համար:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.