«Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար»
Հայ մասնագետների տեխնոլոգիական լուծումները
Հունիսի 21-22-ը տեղի ունեցավ «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք» Բիզնես-ֆորումը: Նպատակն էր՝ աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Ֆորումին այս տարի մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացրեցին 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, 19-ը` արտասահմանյան: «168 Ժամը» միջոցառման առավել հետաքրքրական ընկերություններն ու նախագծերն ընտրել է և ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
Վիրտուալ տուրերի ստուդիա
Այն հնարավորություն է տալիս վիրտուալ շրջել որևէ պատմամշակութային վայրում կամ, օրինակ` հյուրանոցում, ծանոթանալ ինտերիերի և հնարավորությունների հետ, կամ ծանոթանալ պատմամշակութային վայրի հետ կապված մանրամասներին: «Վիրտուալ տուրերի ստուդիա» ծրագիրը ստեղծվել է մի քանի ամիս առաջ: Ծրագրի ղեկավար Հայկ Պապյանի խոսքով` նախագծի միջոցով 3D մոդելավորմամբ հնարավորություն է տրվում ցուցադրել Հայաստանի տեսարժան վայրերը, կենտրոնները և այլ հասարակական տարածքները 3D տարածական տեսքով:
Մեզ հետ զրույցում Հ. Պապյանը նշեց, որ վիրտուալ տուրը նպատակ ունի ամբողջական պատկերացում տալ տարածքի մասին` մինչև տվյալ վայր այցելությունը: «Չափազանց հետաքրքիր է յուրաքանչյուրին այցելել ակումբ, սրճարան կամ հյուրանոց` սկզբում՝ վիրտուալ աշխարհում, հետո՝ իրական կյանքում»,- ասաց նա: «Այսպիսով այս ամենը ոչ միայն տվյալ տարածքի հանդեպ մարդկանց ճանաչելիությունն է բարձրացնում, այլև տվյալ օբյեկտներ այցելությունների քանակը»,- ասաց Հ. Պապյանը` նշելով, որ այս ամիսների ընթացքում արդեն իսկ ստեղծել են 30-40 վիրտուալ այցելության վայրեր` պատմամշակութային, հյուրանոցային, հանգստի համար նախատեսված: «Կարելի է վիրտուալ այցելել և շրջել հյուրանոցային համարներով, տեսնել դրանց վիճակը, և ցանկության դեպքում՝ պատվիրել»,- ասաց Հ. Պապյանը:
Գյումրիում արտադրված արևային-ջերմային կոլեկտոր
Գյումրիի տեխնոպարկում գործող Solart նորաստեղծ ընկերությունը ներկայացնում էր էներգաարդյունավետ համակարգեր` արևային ջրատաքացման համալիր լուծումներ, արտաքին լուսավորման արևային համակարգեր, արևային էներգիայով աշխատող ջրի պոմպեր:
Ընկերության ինժեներ Խաչիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանց մի հատվածն արտադրում են ամբողջությամբ, մյուս մասը՝ հավաքում են:
«Մենք արտադրել ենք արևային-ջերմային կոլեկտորներ, որոնք կիրառվում են կենցաղային տաք ջուր ստանալու, ջեռուցում իրականացնելու նպատակով, ինչպես նաև` տաք օդամատակարարում իրականացնելու համար»,- ասաց Խ. Սահակյանը` նշելով, որ իրենք արդեն իսկ Գավառի մանկատանը կից զբոսայգում նախագծել և կառուցել են արևային տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգեր, որոնք գործում են մինչ օրս:
Խ. Սահակյանը նշեց, որ մոտ 1 տարվա ընթացքում գործող ընկերությունը նմանատիպ 7-8 պատվեր է ստացել:
Բիզնեսի ավտոմատացման համալիր լուծումներ
ScanCity ընկերությունը, որը հիմնադրվել է մոտ 2 տարի առաջ, միջոցառմանն առաջին անգամ էր մասնակցում` ներկայացնելով բիզնեսի ավտոմատացման կոմպլեքս լուծումներ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Դավիթ Մովսիսյանը, ժամանակակից սարքավորումները բիզնես գործընթացներն առավել պարզեցնում և արդյունավետ են դարձնում: «Երկու տարվա ընթացքում հաջողվել է զբաղվել` սկսած մանրածախից մինչև կոմպլեքս մեծ ֆիրմաների բիզնես ավտոմատացումով, գրեթե ամեն ինչով`առևտրային սարքավորումներ, կշեռքներ, շտրիխ կոդ տպող պրինտերների տրամադրումից մինչև ծրագրային ապահովում»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ սա կարևոր ձեռքբերում է համարում իրենց նորաստեղծ ընկերության համար, քանի որ շատ ընկերություններ, որոնք մասնագիտացած են այս բնագավառում, չունեն այդ համալիր լուծումները: Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, ապա Դ. Մովսիսյանի խոսքով` բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, և ամենակարևոր խնդիրը լուրջ մասնագետների` ծրագրավորողների, պակասն է:
«Paint the music.
Նկարիր երաժշտությունը»
Հենց այս ծրագրով էին երիտասարդ ծրագրավորողներ Աղասի Պողոսյանն ու Նարեկ Հայրապետյանը ներկայացել «ԴիջիԹեք» Բիզնես-ֆորումին: Ծրագիրը ստեղծել են 5 հոգուց բաղկացած թիմով: «Դուք նկարում եք, իսկ այն ձևափոխվում է երաժշտության: Այսինքն`կարող եք նկարել թե՛ էլեկտրոնային երաժշտություն, թե՛ դասական երաժշտություն, քանի որ ծրագիրը մեծ գործիքների բազա ունի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ծրագրավորող Աղասի Պողոսյանը: «Այդ գործիքի վրա նկարում ենք տարբեր պատկերներ, և կախված նրանից, թե ինչ պատկերներ են ընտրվել` ձևափոխվում է ձեր ընտրած գործիքով երաժշտության»,- ասաց Ա. Պողոսյանը` նշելով, որ կարելի է կատարել նաև երաժշտությունների խառնուրդներ`ընտրելով մի քանի գործիք:
Նարեկ Պողոսյանի խոսքով` ծրագրի միջոցով հնարավոր է նույնիսկ մի քանի ընկերներով միաժամանակ նկարել: «Այսինքն`ընկերներով կարելի է հավաքվել, ինչ-որ մեկը դհոլ նվագի, իսկ մյուսը, օրինակ, շվի, և այդպես միախառնելով՝ այդ ամենից կարելի է երաժշտություն ստանալ: Բացի այդ` այդ ամենը կարելի է ձայնագրել և տեղադրել Ձեր Facebook-յան էջում»,- ասաց Ն. Պողոսյանը` նշելով, որ ծրագրի միջոցով և նկարչության շնորհիվ` կարելի է երաժշտության մեջ խոսք ասել: Մեր զրուցակիցների խոսքով` ծրագիրը iOS օպերացիոն համակարգերի համար App Store-ում կհայտնվի սեպտեմբերին, իսկ Android-ի և այլ օպերացիոն համակարգերի համար ինտերնետում կհայտնվի ավելի ուշ:
Վիրտուալ այցելություն Տաթև և ճամփորդություն ճոպանուղու երկայնքով
Locator ընկերությունը հնարավորություն է ընձեռում այցելուներին շատ կարճ ժամանակում վիրտուալ մշակութային ճանապարհորդություն կատարել դեպի հայկական տաճարներ, վանքեր և եկեղեցիներ, զգալ ճարտարապետական ողջ գեղեցկությունը: Մենք փորձել ենք հնարավորինս ճշգրիտ արտապատկերել կոթողների իրական շունչը, որպեսզի դիտողի մոտ ոչ միայն հոգևոր զգացմունքներ առաջանան, այլև իրականում այցելելու ցանկություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Locator-ի կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Նրա խոսքով`ընկերությունը շուրջ 1 տարի առաջ ավարտել է վիրտուալ Տաթև այցելելու և Ճոպանուղու ամբողջ երկայնքով շրջելու ծրագիրը, իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման ծրագրերի ստեղծման ուղղությամբ:
Դրանց թվում են Էջմիածինը, Նորավանքը, Խոր Վիրապը, Գառնին և Գեղարդը, Կեչառիսը և Սևանավանքը: Ըստ մեր զրուցակցի` դրանց վերջնական տարբերակները շուտով` մոտ 2-3 շաբաթից, հնարավոր կլինի մատչելի գներով վերբեռնել ինտերնետից կամ ձեռք բերել DVD սկավառակի տեսքով: Ընկերության մասնագետները հնարավորություն են ընձեռել նաև եկեղեցիներն ու վանքերը դիտել նաև հավելյալ իրականություն (augmented reality) տեխնոլոգիայի միջոցով, որը նոր մոտեցում է համաշխարհային շուկայում: Տեղեկացնենք, որ մինչ այժմ Locator ընկերությունը եռաչափ մոդելավորել է Երևանը և Ստեփանակերտը: Իրականացվում է նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը: Բացի այդ, ընկերությունն իրականացնում է պիլոտային մոդելավորում Լեհաստանի Լյուբլին քաղաքի համար:
Մաքուր էներգիա
Clean Energy (մաքուր էներգիա) անվանումով նորաստեղծ հ/կ-ն ներկայացնում էր մաքուր էներգիայի կիրառման կարևորությունը: Մաքուր ասվածը ոչ միայն վերաբերում է բնության աղտոտվածությանը, այլև բարոյապես մաքուր և քաղաքական խաղերից հեռու հասկացությունն է մարմնավորում: Այս մասին ասաց Clean Energy հ/կ-ի ղեկավար մարմնի անդամ Հայկ Խաչատրյանը` նշելով, որ մաքուր էներգիա կարող է համարվել նաև երկրի ընդերքի տաքացած ջրերից առաջ եկող էներգիայի կիրառումը, ինչը բնական պրոցես է: «Ջուրն ընդերքում տաքանում է, դուրս է գալիս, դուք այդ ջերմությունը օգտագործում եք, իսկ դա համեմատաբար մաքուր էներգիա է»,- ասաց Հ. Խաչատրյանը` նշելով, որ Հայաստանում հնարավոր է մաքուր էներգիայի օգտագործումը: Նա հիշատակեց Իսլանդիայի օրինակը. այդ երկիրը գեոթերմալ էներգիայի` ընդերքի ջրերի հաշվին ստանում է իր կարիքների համար անհրաժեշտ էներգիայի 90 տոկոսը:
«168 ԺԱՄ»