«Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան
Երկու օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել ընտրական երկու տեղամասերի՝ 35/65 և 10/51, արդյունքները։ ԿԸՀ-ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվել է՝ որպես անճշտությունների գումարային չափ:
Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, աջակիցներն ակցիա իրականացրեցին ԿԸՀ-ի շենքի շդիմաց՝ բողոքելով ԿԸՀ-ի կողմից երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման դեմ։
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն այս խնդրի առնչությամբ դիմել է և՛ դատարան, և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշում։ Ինչպես հիշում եք, ԿԸՀ-ն երկու ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր էր ճանաչել և ԿԸՀ-ի երկու՝ «254 և 255 Ա» որոշումներն ենք վիճակելու դատարանում։ Մի շարք արգումենտներ կան, բայց ամենահիմնականն այն է, որ ԿԸՀ-ն չունի նման լիազորություն, երբ հղում է կատարում Ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածին, որն իրենց նման լիազորություն չի տալիս։
Հիմա դիմել ենք դատարան, որպեսզի այդ որոշումներն անվավեր ճանաչվեն»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը՝ հունիսի 14-ին, պետք է ամփոփի քվեարկության արդյունքները, նախնական ամփոփումը կար, վերահաշվարկների փուլում են, դրանց արդյունքում հիմա պետք է վերջնական արդյունքները լինեն։
«Ընտրական օրենսգիրքը նախատեսում է այդ ամփոփման ընթացքում մի շարք որոշումների ընդունում, այդ թվում՝ վերաքվեարկություն նշանակել։ Մենք համապատասխան դիրքորոշում-պահանջ ենք ներկայացնելու, դիմումը դեռ մուտք չի արվել, որով հիմնավորում ենք, որ առնվազն այդ երկու ընտրատեղամասերում, բայց իրականում բոլոր ընտրատեղամասերում, որտեղ անվավեր են ճանաչել, պետք է նշանակվի վերաքվեարկություն, քանի որ ստացվում է հետևյալ պատկերը՝ անվավեր ճանաչելու հիմքը, անկախ նրանից՝ մենք բողոքարկո՞ւմ ենք, թե՞ չէ, այն է՝ ըստ ԿԸՀ-ի՝ այդ ընտրատեղամասերում անհնար էր պարզել, թե ձայները ում օգտին է կատարվել՝ խախտումներն այնպիսին էին, որ հնարավոր չէր պարզել։ Ըստ էության, հիմնականում ժամը 20։00-ից հետո էին մուտք գործել ընտրատեղամասեր։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանային է 4 տոկոս շեմի առումով, ընդ որում՝ վերահաշվարկի արդյունքում մինչև անվավեր ճանաչելն այդ տոկոսներից ավելի ձայն ուներ, համապատասխանաբար վերաքվեարկությունը պարտադիր է, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ԲՀԿ-ն հավաքո՞ւմ է այդ 4 տոկոսը, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում առհասարակ կասկածի տակ է դրվում ընդհանուր քվեարկության արդյունքները»,- հավելեց Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս ամենից դրական ելք է ակնկալում։
«Ակնկալվում է, որ դատարանը գործը պետք է քննի այսօր»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

