Ադրբեջանում աճում է թմրամոլների քանակը
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում աճում է թմրամոլների քանակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թմրանյութերի դեմ քարոզչության ազգային գրասենյակի ղեկավար Մազախիր Էֆենդիևը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանում ամեն տարի հաշվառման մեջ է հայտնվում թմրանյութեր օգտագործող 1500-2000 նոր մարդ, ինչը բավական բարձր ցուցանիշ է. «Թմրամոլությունը բացասաբար է ազդում ազգի գենոֆոնդի վրա: Վերջին շրջանում անցկացրած մեր հարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ թմրանյութերի չարաշահումները հիմնականում ավելանում են քաղաքներում»:
Ադրբեջանի առողջապահության նախարարության վիճակագրական տվյալներով՝ երկրում հաշվվում է 27.910 թմրամոլ: Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին 5 տարում Ադրբեջանում թմրամոլների տարիքը 30-ից նվազել է մինչև 17-ի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք շրջաններում, և հատկապես հարավային շրջաններում գրանցվել են նաև 14-15 տարեկան դեռահասների կողմից թմրանյութեր օգտագործելու դեպքեր: