Սկսվել են Իրանի դեմ հարվածները (թարմացվող)
- Եմենը նախազգուշացրել է ԱՄՆ-ին. «Մենք լուռ չենք մնա, եթե Իրանին հասցվող հարվածները շարունակվեն»։
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ հայտնաբերել է Իրանի օդային տարածքը խախտած F-16 կործանիչ և դրա ուղղությամբ արձակել «մակերևույթ-օդ» դասի հրթիռներ՝ ստիպելով նրան նահանջել։
- ԱՄՆ նախկին գլխավոր բանակցող Ռոբերտ Մելլին, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է. «Եթե [Թրամփի վարչակազմն] իսկապես կարծում է, թե հարձակման միջոցով Իրանի դիրքորոշումը կփոխվի, ապա այս իրավիճակը բնորոշ է այնպիսի մեկին, ով հուսահատված է իր ուզածին չհասնելու պատճառով, ուստի անկանոն քայլեր է անում ու հարձակվում։ Նրանք ռազմական էսկալացիան շփոթում են ճնշման լծակի հետ՝ միայն նրա համար, որ հերթական անգամ համոզվեն՝ ճնշումն Իրանի կեցվածքը չի փոխելու»։
- Իսրայելական 11-րդ ալիքը հաղորդում է. «Իսրայելն այս փուլում ներգրավված չէ Իրանին հասցվող հարվածներում»։
- Հարձակումը շարունակվում է։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ այն կտևի ժամեր։
- Ներկայացվել է այս պահի դրությամբ Իրանին հասցված ԱՄՆ հարվածների թիրախային քարտեզը:
ԱՄՆ ուժերը խոցում Իրանի հարավային ափի երկայնքով՝ Հորմուզի նեղուցի հարևանությամբ. Ասալույե, Բանդար Աբբաս, Քեշմ, Հենգամ կղզի, Մինաբ, Քարգան և Սիրիկ։

- ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում դիվանագիտական առաջընթացի հասնելու հեռանկարները էլ ավելի մշուշոտ են դարձել այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան Կատարի միջնորդական պատվիրակությունը լքել է Թեհրանը՝ բանակցություններում որևէ առաջընթացի չհասնելով, հայտնում է The New York Times-ը։
- Ռազմական ավիացիայի տեղաշարժին հետևող աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու միավոր «KC-135R Stratotanker» տեսակի օդային լիցքավորման ինքնաթիռներ ներկայումս վառելիքի լիցքավորման մանևրներ են իրականացնում Հորմոզգան նահանգի հարավում՝ Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք։ Այս ստրատոտանկերները օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայում գտնվող Prince Sultan ավիաբազայից։
- IRIB-ի և դրանց իրաքյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում՝ Էրբիլում գտնվող ամերիկյան «Ալ-Հարիր» ռազմաբազան թիրախավորվել է իրանական հրթիռի կողմից։ Իրաքյան Al-Ma’uluma լրատվամիջոցը նույնպես հայտնել է, որ Իրանը Էրբիլում ամերիկյան ռադար է ոչնչացրել։
- Արաբական լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը բանակցությունների ընթացքում որևէ զիջման չի գնացել Միացյալ Նահանգների նկատմամբ, ինչն էլ հավանաբար հանգեցրել է ռազմական բախման ներկայիս փուլին։
- Իսրայելական Yedioth Ahronoth պարբերական. «Այսօր գիշերային բախման ընթացքում ամերիկյան ռազմանավերից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել»։
- «Fox News»-ը, հղում կատարելով ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնում է, որ այս գիշեր Իրանի ուղղությամբ նախատեսված են հարձակման ևս մի քանի նոր ալիքներ։
- Տեղեկություններ են տարածվում Իրաքի հյուսիսում ամերիկյան կործանիչների ինտենսիվ ակտիվության մասին։
- Ռազմական ավիացիայի տեղաշարժին հետևող աղբյուրները փոխանցում են, որ Իսրայելի տարածքից մեծ թվով ամերիկյան օդային լիցքավորման (վառելիք լցնող) ինքնաթիռներ են օդ բարձրացել՝ աջակցելու ընթացող գործողություններին։
- Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները թռչում են Թեհրանի վրայով։
- Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է միանալ Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ նոր արշավում։
- ԱՄՆ զինված ուժերը, գլխավոր հրամանատարի հրամանով, սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, հայտարարել են ՍԵՆՏԿՈՄ-ից (ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարություն)։
- ԱՄՆ ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ բոլոր թիրախավորված օբյեկտները գտնվում են Իրանի հարավում։ Նրա խոսքով՝ դրանց թվում են ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հրամանատարական և կառավարման կետեր։
- Այս հարվածները իրականացվում են Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, բայց դրանք կարող են հանգեցնել ռազմական հակամարտության սրման, գրում է Axios-ը։
- Բանդար Աբբասում հենց նոր պայթյուններ են լսվել, հայտնում է Իրանի պետական IRIB գործակալությունը։
- Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան թիրախներին
- Իրաքյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում (Էրբիլ) տեղակայված ամերիկյան «Ալ-Հարիր» ռազմակայանը ենթարկվել է Իրանի տարածքից արձակված հրթիռային հարվածների։
- Իրաքյան «Ալ-Մալումա» կայքը հայտնում է, որ իրանական հարվածների հետևանքով Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլում ոչնչացվել է ամերիկյան ռադարային (ՌԼԿ) համակարգ։
- ԱՄՆ-ն այս գիշեր ուժգին հարվածներ կհասցնի Իրանին,-ավելի վաղ հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Հեգսեթը, և ավելացրել` ռմբակոծություններ կիրականացվեն հանգուցային ենթակառուցվածքների ուղղությամբ։
- Ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության բացման խաղին, որը պետք է կայանար ուրբաթ օրը Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականների միջև։ Այս մասին հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
- Իրանական ռադիոհեռուստատեսությունը և «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնում են, որ հզոր պայթյունների ձայներ են լսվում Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում։ Բացի այդ, ռմբակոծության է ենթարկվել Ասալույե քաղաքում գտնվող «Հարավային Փարս» գազային համալիրին պատկանող նավթաքիմիական գործարանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հերթական անգամ թիրախավորվել է նաև Քարգանի ռազմածովային բազան։

Axios-ի լրագրողը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, քիչ առաջ հայտնել է, որ սկսվել են հարվածները Իրանին.

